Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի էր բռնվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և հստակ դիրքորոշում հայտնել այս իշխանության քաղաքականության վերաբերյալ։ Փաշինյանը սկսել էր բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել «փախածներ»։
Դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայատարարություն էր տարածել՝ նշելով, որ ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կոնկրետ այդ դեպքով։
MediaHub-ը դիմեց ԿԿՀ՝ հասկանալու՝ արդյո՞ք արվել է ուսումնասիրություն, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ եզրահանգման են եկել։
Ի պատասխան մեր հարցի՝ ԿԿՀ-ից հայտնեցին՝ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում վարույթ չի նախաձեռնվել: Հանձնաժողովն արձանագրել է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնի խախտում արձանագրելու՝ օրենսդրությամբ նախատեսված հետևանքը պաշտոնատար անձի հրապարակային պարզաբանման ներկայացումն է, մինչդեռ, քննարկվող դեպքում ՀՀ վարչապետն արդեն իսկ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հրապարակային պարզաբանմամբ՝ ներողություն խնդրելով քաղաքացուց:
Էմմա Մարտիրոսյան

Русский