ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին իշխանական պոռոտախոսները, այս ութ տարվա մեջ շարունակ իրենց մեղքը նախկինների վրա բարդելով, իրենց թշնամական օրակարգն են առաջ քաշել։
Ու էս մանրածախ առեւտրականի հոգեբանության տեր իշխանությանը թվում էր, որ պատմական հիշողությունը փորձելու են ջնջել մեր հիշողությունից, ու իրենց ազգակործան քայլերն ու իրականացրած ազգակործան ծրագրերը մոռացության են տալու մեր հիշողությունից։ Ու թարսի պես այդ հանցավոր ճանապարհով ձեռք բերված իշխանություններին նաեւ թվում է, որ իրենցից լավ ոչ ոք չի կարող ղեկավարել երկիրը։
Իհարկե, իրենցից լավ, ոչ ոք չի կարող ծառայել թշնամուն ու իրականացնել թշնամու դարավոր երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի»։
Հիմա, երբ ընտրություններից առաջ իշխանությունը վստահ է, որ ժողովուրդը կրկին իրենց ձայն է տալու, թո՛ղ այդքան էլ վստահ չլինեն։
Սա սովորական ընտրություններ չեն լինելու, լինելու է հային ընտրելու եւ թշնամուն մերժելու հանրաքվե։
Հովհան Ոսկեբերանը շատ դիպուկ է ասել այսօրվա համար. «Մի լացե՛ք մեռածների համար, բայց լացե՛ք մեղքի մեջ ապրողների համար»։
Այն, ինչ կատարվում է այսօր մեղքերի մեջ թաղված, ու շարունակական մեղքեր թույլ տալու արդյունքում է տեղի ունենում։
Եկեղեցականները, ովքեր մեղքերի մեջ թաղված են, շարունակում են իրենց կեղտոտ ծառայությունը մատուցել նրան, ով Եռաբլուրը մեծացնելով հողի բերանը բացեց ու միայն թաղեց, ոչինչ ավելին, քան պետության ամրապնդման ու այսքան ծեծված «խաղաղության» պայմանագիրը, որ վաղը ավելի սաստիկ է ազդելու ՀՀ Սահմանադրության եւ հատկապես եկեղեցուն վերաբերող հարցերի, «ազգային»-ի վրա։
Հիմա էլ, հանուն նյութականի տիրադավերը հոգին են հանել վաճառքի ու կերեւուրացի պես դավաճանել, ու դավաճանում են եկեղեցուն, եւ ոչ միայն նրան ով իրենց հաց է տվել, այլ դուրս են եկել եկեղեցու դեմ ու եկեղեցուն են դատի տալիս։
Բա դու հողի բերանը բացես ու ասես առեք, տարեք, որ հողը հագենա, դու մղկտաս ու խելքի չգա՞ս, թե քո ձեռքից ինչո՞ւ տարան, ինչո՞ւ են քեզ անընդհատ պահում մղկտալու, քեզ ներելու, քո հետ հաշտ չլինելու, քեզնից մշտամնա անհաջողակ լինելու, կերտելու, նվաստացած ու ինքնախարազանման մեջ։ Որովհետեւ թույլ ես, զենքերդ ասել են վայր դիր, ու դրել ես, անորոշության ճամփան բռնել, ինքդ քեզ խարազանել ես, արժանապատվության անունն էլ դրել ես «խաղաղություն»` հաղթանակի փոխարեն ենթարկվելու ու հետն էլ ազատությունդ փոխարինելով անազատության հետ: Հիմա էլ ժողովրդին մոլորեցնելով իշխանություն պահելու համար պատրաստ են` ով աչքի ընկնի, բանտարկեն, որովհետեւ Փաշինյանի ձեռքին հրաման տալու «չագուչը» աշխատում է. մոռանալով, որ այսօր չագուչ ունես ձեռքդ, վաղը էդ չագուչը ձեռքդ չի լինելու, ու ի՞նչ արդարացումներ ես բերելու, որ պատասխանատվությունից քեզ ազատես:
Բանտերում ազնիվ, պատվական մարդիկ են հայտնվել, որոնց առողջությունը վտանգված է, բայց կողքի չի ընկնում Փաշինյանը. ՄԻՊ-ը աչքերը փակել է մարդու հիմնարար ազատության, իրավունքների վրա ու ջայլամի քաղաքականություն է վարում։
Չէ։ Քանի դեռ դու քո հողի վրա ամուր կանգնելու զգացում չունես, քո եղածը պահելու արժանատվություն չունես, քո համար ամեն ինչ լավ է, քեզ ասֆալտը ավելի է հետաքրքիր, քան քո հայրենիքը, խեղճ լինելը պատիվ, սովոր ես ծառայամտորեն ապրել, բավարարվել, հետն էլ կուռքեր ստեղծել ու գլխիդ դնել, քեզնից անընդհատ տանելու են, հետո քեզ չեն էլ խնայելու, պետք եղած պահին օգտագործելու են ու դեն շպրտեն։ Քեզ չեն էլ հարցնելու «կարելի է - չի կարելի», որովհետեւ գլուխդ կախել ես ու ասել, որ «մորթեք», ենթարկվել ես, ու հիմա հնար չունես հետ կանգնելու, որովհետեւ հողի վրա պինդ կանգնելու, պահելու փոխարեն հողի բերանը բացել ես ու ասել` առեք, տարեք, սպանեք, արժան չես քո ստեղծածին, որովհետեւ քո ստեղծածը «թույլ» է, քեզնից թույլն էլ քո հախից գալիս է, որովհետեւ հպարտություն չունես, ոչ էլ էն բանի զգացումը, որ պետք ես...
Այս իշխանությանը թվում է, թե զօր ու գիշեր, որ իրենց հանցավոր քաղաքականությամբ մխսում են պետության փողերը, իրենց շռնդալից հաճույքներ թույլ տալիս, միլիոններով իրենց պարգեւատրում, իսկ պատերազմներում խեղված մարդկանց ճակատագրերը թաղված ու ոչ մի կոպեկ չհատկացնելով, իրենց բերած աղետների մասին մոռանալու է ժողովուրդը. Ո՛չ։ Ժողովուրդը իմաստուն է, իսկ իմաստուն ժողովուրդը թույլ չի տալու, որ անընդհատ տաս գլխին ու ձայն չհասնի։ Իշխանությանը թվում է, որ իրենք հավերժ են, ու հավերժ է լինելու իրենց գերագույն գլխավորի աթոռը։ Ոչինչ հավերժ չէ։ Ու ո՛չ էլ հավերժ է լինելու կործանումը։ Չի մաքրվելու ձեր ճակատներին դավաճանի մամռակալած խարանը։
Իժը թույնը կուլ տալու սովորություն ունի: Թվում է թուքը, որ արդեն ժանգարկու է` կուլ տվեցին, դավաճանությունը վիժելու է ներսում: Լեզուները կալափներում պահած «գաղափարներ» են շաղ տալիս, բայց ընդամենը կարողանում են ցայտունություն վերագրել իրենց «գաղափարների» հաշվին, խեղաթյուրելով ցանկացած հայանպաստ քայլ, արժեք, պատմություն, եղելություն, եւ թվում է՝ մաքրվելու է մամռակալած խարանը ճակատներից, որ հետո խուսափեն պատասխանատվությունից։
Բայց մի բան հստակ մոռանում են, որ իշխանություն չունենալու դեպքում ցանկացած «գելխեղդ» դառնում է կուռկուռի ձագ։
Արթուր Հայրապետյան

Русский