Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը, ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ ԱԺ բերեց ու արագ-արագ արտահերթ անվան տակ ընդունեց փոփոխությունները, որը վերաբերում էր դիտորդական առաքելությունների գործունեությանը, «ապահովել ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատականը՝ ընտրությունների օրինականությունն ու հավաստիությունն ապահովելու համար»։
Սա, իշխանության կողմից հերթական հակասահմանադրական քայլն էր, և կոնկրետ միջամտություն ամբողջությամբ վերահսկել ընտրական գործընթացը:
Իսկ ո՞վ է ասել, որ ՔՊ-ն այնպիսի արդար ու օբյեկտիվ մարդկանցով է համալրված, որ մենք չենք կարող մտածել, որ այս նախագծի ընդունումը բացի ընտրություններին միջամտելը, նաև ՔՊ վերահսկողության ներքո է դառնում։ Իսկ ՔՊ-ն իր «անաչառ» մարդիկ ունի, ՀԿ-ների տեսքով, որ անուն են հանել, թե ինչպիսի «օբյեկտիվ» գործունեությամբ են նրանք զբաղվում։ Ստացվում է, և այդ օբյեկտիվներով էլ ընտրությունների ժամանակ կաշխատեն, ու վառ կպահեն դիտորդական առաքելության և առհասարակ ընտրություններում անկախ դիտորդների ինստիտուտը։
Իսկ թե ինչպե՞ս են ընտրելու, թե ո՞վ է անկախ ու օբյեկտիվ դիտորդը, որը որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ աղերս չունի, դա էլ ՔՊ-ականների համար խնդիր չի՛։
Այստեղ իրականում իշխանության անելիքը մեկն է, եկող խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն գնով հեռու պահել ընդդիմությանը, որպեսզի իրենք իրենց ցանկությունների պլանը տան, իրագործեն, և փորձեն վերջում էլ իրենց ազդեցության, վերահսկողության տակ ընտրությունների արդյունքները որոշեն, և իրենց խանգարող չլինի։
Հիմա անցնենք վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական անցուդարձին։
Ի՞նչ խոսք, աննախադեպ «խիզախ» է Նիկոլը։ Եթե խիզախ չգտնվեր, ապա, ինչպե՞ս կարող էր այս սովալլուկ հասարակության ջանից քերել վերջին կոպեկներն ու իր և ՔՊ-ականների համար շատ հաճելի ու ճոխ կերպով պարգևատրվել ու պարգևատրել, որ «բոշի յեղ»-ը այնքան շատ լիներ, որ ճակատներին քսեին, որ անձրևի ու ձյան դեպքում ժողովրդի խոսքը չհասներ տեղ ու մի «պատմական-թմբուկազարկի» հնչյունների ալիքի տակ ցրեր մթնոլորտն ու պարի հրավիրեր ժողովրդին... զբաղեցներ։ Հիմա էլ գիտեք չէ՞, ցինիզմը «խիզախին» առել ու տարել է, ասում է. «Ես կնվագեմ, դուք էլ հավեսով կժխշվեք»։ Մի խոսքով Փաշինյանը պարի է հրավիրում բոլորիդ, տիկնա՛յք և պարոնա՛յք։
Աննախադեպ ցինիզմ։
Պարգևավճարները, այն աստիճան շատ են եղել, որ մտել են հասարակության մեջ, տուն առ տուն ու յուրաքանչյուրի գրպանից գողացել հարկերի, վարկերի, տոկոսների, վարձերի, միջնորդավճարների, տեսախցիկների, ու չտեսնված թանկացումների «տոպրակներն» ու այդ «կռճոնների» ֆոնին իրենց պարգևատրել են, մի հատ էլ խիզախություն են դրսևորում ու հրապարակավ հայտնում դրա մասին։ Բայց թո՛ղ գոհ լինեն թոշակառուները, որ Փաշինյանը առհասարակ նրանց թոշակ է տալիս, կարող էր, չէ՞, յուրաքանչյուրի թոշակն էլ անցներ պարգևավճարների վրա, որ իրենք ավելի ճոխ հագնվեին, ու դրանից «օգտվեին» թոշակառուները, երկիրը «խաղաղություն» գտներ, իսկ թոշակառուները մեկընդմիշտ հանգստի գնային։
Սա իսկապես «աննախադեպ» իշխանություն է, որի ուշքն ու միտքը բոլորին պահել կախվածության մեջ, և ցրել մտածելու ունակությունները։ Ջանդամին, թե Ադրբեջանն էլ Հայաստանին չի պահում դեռ կախվածության, հետո արդեն իր տիրապետության տակ։
Փաշինյանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ խորհրդարանական ընտրություններում նույն արդյունքն է լինելու, ինչ-որ եղավ Էջմիածնում։ Ու իրեն դրել էր խիզախ տղու տեղ, հայտարարել, որ «մենք, դաժան փորձությունների միջով անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, ու այսօր և առջևում միայն կյանքն է»։
Իսկ ո՞րն է Փաշինյանի համար կյանքը։ Բնականաբար ճոխ ապրելը։ Ստացվեց այնպես, որ մի հոգու և մի քանիսի ճոխ ապրելու գնով Արցախը կորցրեցինք, զոհեր տվեցինք ու գնալով կորցնում ենք Հայաստանը, որ Նիկոլն ու շուրջինները գեր հարստության մեջ մնան։ Ու կրկին մեր հաշվին։ Իսկ ՔՊ-ականների համար. «ուր որ գնաս, հետդ կգանք», որովհետև առանց Նիկոլ ոչ մի ՔՊ-ական չի «լպտալու», պարզապես ոչ մի ՔՊ-ական առանց Նիկոլ լինելու դեպքում պետք է չլինի, որովհետև Նիկոլը ոչ ոքի չի խնայում, ու ոչ ոքի չի ներում, հատկապես նրանց, ովքեր նվիրվել են իրեն ու անձնվիրաբար ծառայել, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ հենց Նիկոլին։
Բազմիցս ենք լսել, թե ինչպես է Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում, որ նրանք իր բերած ապոկալիպսիսի մասին են խոսում, այսինքն յոթ տարվա իր բերած աղետների մասին, որն հիմա նա հանգիստ խղճով համարում է, թե՛ այդ աղետները մնացել են անցյալում։
Արցախը լիովին հայաթափվեց։ Պատմության մեջ առաջին անգամ։ Եթե մինչև այդ Արցախում մի քանի հոգի հայ մարդ էր մնացել, ապա հիմա է՛լ հայ չկա։ Ալիևը նրանց ուղարկեց Հայաստան։ Իսկ անցյալի մասին խոսացող Փաշինյանը մոռանում է, որ Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ տարածքից մոտ 200 քկմ, Հայաստանն անվանում. «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին պահում, պատժում ու դատում է։
Բայց քանի որ արդեն Փաշինյանը նստում է Թրամփի կողքին, Թրամփն էլ ձեռքը դնում է նրա ոտքի փափուկ տեղերին, դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը հաղթահարել է բանակցություններն ու առջևում խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը բարևում է։
Փաշինյանը լավ կանի, որ երկար մտածի, երբ իր ծրագիրը կյանքի կոչի։ Հնարավոր է, որ Ալիևին էլ պետք չլինի, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ իր դավաճանի ազգանունը, որովհետև ալիևները չեն սիրում դավաճաններին։ Իսկ եթե դու դավաճանում ես քո ժողովրդին, ապա Ալիևին կդավաճանես ու կդավաճանես, թեև այստեղ մի քիչ վիճելու բան կա՝ իսկ ո՞վ է Նիկոլի ժողովուրդը։
Արթուր Հայրապետյան

Русский