Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ Հյուսիսային Կորեա անօդաչու սարքեր ուղարկելու համար, հայտնել է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։
Պետության նախկին 65-ամյա ղեկավարը մեղավոր է ճանաչվել թշնամուն օգնելու և լիազորությունները չարաշահելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Յուն Սոկ Յոլը 2024 թվականի հոկտեմբերին հրամայել է զինված անօդաչու սարքեր ուղարկել Փհենյանի օդային տարածք: Մեղադրողները պնդում են, որ դա արվել է երկրում ռազմական դրություն հայտարարելու համար պատրվակ ստեղծելու համար: Պետության նախկին ղեկավարը հերքում է մեղադրանքները:
Նախկին նախագահի՝ Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու փորձը ձախողվել էր 2024 թվականի դեկտեմբերին խորհրդարանի դիմադրության պատճառով: Միջադեպը հանգեցրել էր Յուն Սոկ Յոլի պաշտոնանկությանը։
Երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի կապակցությամբ նախկին նախագահի դեմ հարուցվել է ընդհանուր առմամբ ութ քրեական գործ: 2026 թվականի փետրվարին Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ մեղադրելով նրան իշխանության չարաշահման և ապստամբության հրահրման մեջ: Մեղադրողները պահանջել էին մահապատիժ: Յուն Սոկ Յոլը բողոքարկել է դատավճիռը:

Русский