Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։
Ռուսական կողմը նշում է, որ որոշումը պայմանավորված է հայկական գյուղմթերքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների հաճախակիացմամբ և ՌԴ տարածքի բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սակայն հսարակության մեջ անմիջապես հարց առաջացավ՝ արդյոք սա նշանակում է, որ հայկական շուկայում վաճառվող նույն մրգերն ու բանջարեղենը նույնպես վտանգավոր են մարդկանց առողջության համար։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին պետք է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով, սակայն ընդգծեց՝ հայկական կողմի լռությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

«Ըստ էության պետք է առաջնորդվենք պաշտոնական հաղորդագրություններով։ Իհարկե, մի քիչ տարօրինակ է մեր իրականության մեջ պաշտոնական հաղորդագրություններով առաջնորդվելը, որովհետև շատ ցանկալի կլիներ հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը լսել։ Մենք տեսանք, որ մեր լիազոր մարմինն ընդամենը ասում էր՝ մի լսեք, դեռ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել։ Հնարավոր է՝ այստեղ և՛ քաղաքական, և՛ մասնագիտական բաղադրիչ կա»,- ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հիմնականում հղում է անում «կարանտին վնասատուներին», որոնք վերաբերում են ոչ թե մարդու առողջությանը, այլ գյուղատնտեսական անվտանգությանն ու բերքի պահպանությանը։
«Կարանտին վնասատուն տնտեսությանն է վնասում, ոչ թե մարդկանց։ Ինչ ասել է կարանտին վնասատու. դրանք միջատներ են, մլակներ, հիվանդություններ տարածող օրգանիզմներ, որոնք կարող են վնասել գյուղատնտեսությանը։ Եթե մրգի վրա կարանտին վնասատու կա, դա չի նշանակում, որ այդ միրգը կամ բանջարեղենը մարդը չի կարող ուտել, կամ ուտելիս կթունավորվի։ Մենք չենք թունավորվի, բայց կարող է տուժի տնտեսությունը»,- նշեց նա։
Այսինքն՝ խոսքը պարտադիր չէ, որ վերաբերվի թունաքիմիկատների թույլատրելի չափի գերազանցմանը կամ մարդու կյանքի համար անմիջական վտանգ ներկայացնող նյութերին։ Հաճախ նման սահմանափակումների հիմքում լինում են բուսասանիտարական նորմերի խախտումները՝ վնասատուների առկայություն, ոչ պատշաճ մոնիթորինգ, սերտիֆիկացման կամ վերահսկողության խնդիրներ։
Սակայն Պիպոյանը շեշտում է՝ խնդիրը հենց այն է, որ հայկական կողմը հասարակությանը չի ներկայացնում, թե կոնկրետ ինչ խախտումներ են արձանագրվել։ Նա հիշեցրեց նաև ավելի վաղ տեղի ունեցած սկանդալները՝ կապված հայկական հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների հետ։
«Առաջին աղմուկը բարձրացավ «Ջերմուկի» և մի քանի ցածր որակի ալկոհոլային խմիչքների հետ կապված։ Եթե ալկոհոլային խմիչքների մասով մենք ինքներս գիտենք, որ հայկական շուկայում «կոնյակ» են վաճառում 1000 դրամով, և այդ գումարով դժվար թե կոնյակ լինի, ապա «Ջերմուկի» թեման անաղմուկ անցավ։ Մեր հասարակությունը մեր լիազոր մարմնից այդպես էլ չստացավ պատասխան, թե ռուսական կողմը կոնկրետ ինչ էր հայտնաբերել, որից հետո սահմանափակումներ մտցվեցին»,- ասաց մեր զրուցակիցը։
Պիպոյանի կարծիքով՝ եթե խոսքը քաղաքական չէ, ապա իշխանությունները պարտավոր են բացատրել՝ ինչ վտանգ է հայտնաբերվել։ Իսկ եթե կա քաղաքական բաղադրիչ, ապա իշխանությունների հայտարարարությունները հակասկան են ստացվում։ «Եթե քաղաքականությունը դրա հետ կապ չունի, ապա ինչ են հայտնաբերել «Ջերմուկի» մեջ, և եթե հայտնաբերել են, ինչո՞ւ մեր հասարակությանը չեն տեղեկացրել, որ մենք էլ չօգտագործենք։ Իսկ եթե քաղաքական է, ապա ինչո՞ւ են ասում, որ քաղաքական խնդիր չկա»,- ընդգծեց Պիպոյանը։
Մասնագետի խոսքով՝ «կարանտին վնասատուների» թեման նոր չէ, և ռուսական կողմը նախկինում ևս բազմիցս նման հարցադրումներ արել է հայկական արտադրանքի վերաբերյալ։ «Կարանտին վնասատուների խնդրով ռուսական կողմը առնվազն մի քանի անգամ արդեն հարցադրում արել էր։ Սա առաջին դեպքը չէ։ Եթե համապատասխան մոնիտորինգ չի իրականացվում, ապա վաղ թե ուշ այլ երկրներ ևս կարող են հրաժարվել հայկական արտադրանք ընդունելուց»,- ասաց Պիպոյանը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի գյուղատնտեսական արտահանմանը, քանի որ հայկական մրգերի և բանջարեղենի հիմնական շուկան հենց Ռուսաստանն է։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանված միրգ-բանջարեղենի 95.6 տոկոսը բաժին է ընկել ռուսական շուկային։ Սա նշանակում է, որ ցանկացած սահմանափակում անմիջապես ազդում է հազարավոր ֆերմերների, վերամշակողների, բեռնափոխադրողների և գյուղատնտեսական ոլորտում աշխատողների եկամուտների վրա։
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ եթե սահմանափակումները երկարաժամկետ բնույթ կրեն, ապա հնարավոր են մի շարք բացասական հետևանքներ՝ մեր գյուղմթերքի վրա։ Նրա խոսքով՝ հայկական արտադրողները ստիպված են լինելու ներդնել ավելի խիստ վերահսկողության մեխանիզմներ՝ սկսած դաշտային մոնիտորինգից մինչև լաբորատոր ստուգումներ և միջազգային սերտիֆիկացիա։
«Եթե մենք ուզում ենք պահպանել արտաքին շուկաները, ապա պետք է ոչ թե միայն արձագանքենք նման ճգնաժամերին, այլ կանխարգելիչ համակարգ ստեղծենք։ Այստեղ խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ ապագայում նաև եվրոպական և այլ շուկաների մասին է»,- ասաց Պիպոյանը։
Միևնույն ժամանակ նա նշում է՝ իրավիճակը ցույց է տալիս նաև պետական կառույցների արդյունավետության խնդիրը։ Պիպոյանի գնահատմամբ՝ հայկական լիազոր մարմինների արձագանքը կրկին ուշացած և ոչ բավարար է եղել։
«Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը փաստացի հայտարարություն է տարածում, իսկ հայկական կողմը ասում է՝ մենք գրավոր չենք ստացել, խնդրում ենք մի տարածեք այդ լուրը։ Այս որակի լիազոր մարմնով ինչ արդյունք կունենանք՝ դժվար է ասել»,- նշեց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ միջազգային շուկաներում մրցունակ լինելու համար միայն որակյալ արտադրանքը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև վստահելի պետական վերահսկողության համակարգ։ «Ժամանակին մի հումոր կար՝ ասում էին, երբ անասնաբուժությամբ զբաղվող չինովնիկը խոզի հետևն ու մռութը իրարից չի տարբերում, որևէ մասնագետ նրա հետ լուրջ զրույց չի տանում»,- եզրափակեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский