Մի շարք պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ն կանոնավոր բանակցություններ է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ, և վերջին ամիսներին երկու կողմերի միջև բանակցությունները առաջընթաց են գրանցել, գրել է BBC-ն։
ԱՄՆ պաշտոնյաները ձգտում են բացել երեք նոր բազա տարածքի հարավում։ Թրամփը հունվարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է «տիրանա» Գրենլանդիային՝ կանխելու համար Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից այն գրավելը։ Նա ասել էր, որ դա կարող է տեղի ունենալ «հեշտ» կամ «դժվար» ճանապարհով։
Սպիտակ տունը հաստատել է, որ վարչակազմը բարձր մակարդակի բանակցություններ է վարում Գրենլանդիայի և Դանիայի հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների մանրամասները։ Սպիտակ տան մի պաշտոնյա BBC-ին ասել է, որ վարչակազմը շատ լավատես է, որ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։
Դանիան նախկինում պատրաստակամություն էր հայտնել քննարկելու Գրենլանդիայում լրացուցիչ ամերիկյան ռազմական բազաների հարցը, և նրա արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի հետ: «Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական գործընթաց է ընթանում: Արտաքին գործերի նախարարությունն այս պահին լրացուցիչ մանրամասներ չի ներկայացվի», - ասել է մամուլի խոսնակը։
ԱՄՆ պաշտոնյաներն առաջարկել են մի համաձայնագիր, ըստ որի՝ երեք նոր ռազմական բազաները պաշտոնապես կճանաչվեն որպես ամերիկյան ինքնիշխան տարածք։ Բազաները կտեղակայվեն Գրենլանդիայի հարավում և հիմնականում կկենտրոնանան Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի Գրենլանդիայի, Իսլանդիայի և Միացյալ Թագավորության միջև տարածքում, որը հայտնի է որպես GIUK Gap։

Русский