Ճապոնական դատարանը Տեցույա Յամագամիին դատապարտել է ցմահ ազատազրկման 2022 թվականին նախկին վարչապետ Շինզո Աբեի վրա մահացու կրակոցներ արձակելու համար, հաղորդել են ԶԼՄ-ները։
Մեղադրողները ցմահ ազատազրկում էին պահանջել 45-ամյա Յամագամիի համար, որը խոստովանել էր Աբեին ինքնաշեն զենքով սպանելը։ Նախկին վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել նրա՝ 2022 թվականի նախընտրական հանրահավաքի ժամանակ Նարայում։
Յամագամիի գործով անցկացվել է ընդհանուր առմամբ 15 դատական նիստ։ Դատավարությունը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Առաջին նիստում մեղադրյալը հայտարարել է. «Ամեն ինչ ճիշտ է։ Կասկած չկա, որ ես եմ դա արել»:
Յամագամին դատարանին նաև բացատրել է, որ սպանության է մղվել աղքատության, եղբոր ինքնասպանության և կրոնական պաշտամունքի նկատմամբ իր ատելության պատճառով։ Դատավարության ընթացքում պարզվել է, որ Յամագամիի՝ Միավորման եկեղեցու հետևորդ մայրն ընտանիքը կործանել է կազմակերպությանը կատարած հսկայական նվիրատվություններով։
Ըստ մեղադրյալի՝ իր եղբոր մահից հետո, ով Միավորման եկեղեցու հակառակորդ է եղել, Յամագամին պլանավորել էր վրեժ լուծել։ Նա Աբեին համարել էր Միավորման եկեղեցին օրինականացնող հիմնական դեմքն ու որոշել, որ քաղաքական գործչի վերացումը կազմակերպությանը կհասցնի առավելագույն վնաս։
Մեղադրողները նրա դեմ գործը որակել են «աննախադեպ հետպատերազմյան պատմության մեջ»։ Պաշտպանությունը պահանջել է մինչև 20 տարի ազատազրկում՝ հղում անելով Յամագամիի «բռնության զոհ» կարգավիճակին։

Русский