Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սպшնված փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ

Blog Image

Նախորդ տարի ամբողջ Հայաստանը ցնցվեց Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության դեպքից։ 

Նոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ  հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։

Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված:

MediaHub-ը հիշեցնում է, որ կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։ 

«Երեխաները վերադարձել են մայրիկի մոտ, երևի արդեն երկու շաբաթ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում մայրը եկել և տեսել է երեխաներին։

«Մայրը առանձնապես փող չունի, երբ կարողանում էր գտնել, գալիս էր երեխաներին տեսնելու, քննիչները և Դատախազությունը չէին արգելել մորը երեխաներին տեսնել, ոչ էլ դատարանի որոշում կար, երեխաների պաշտպանության կենտրոնն էլ որևէ հիմք չուներ մերժելու հանդիպումները»,- ներկայացրեց Անտոնյանը։ 

Նրա խոսքով՝ երեխաների պաշտպանության համապատասխան մարմինները, խնամակալության հանձնաժողովը երկար քննարկել են՝ ինչքանով է հարմար, որ երեխաները վերադառնան մոր մոտ, ապա գտել են, որ հարմար է, համայնքը կվերահսկի, որ ամեն բան լավ լինի։ 

«Եղել է քրեական իրավիճակ, անվտանգության նկատառումներից ելնելով են երեխաներին հեռացրել ընտանիքից, մինչև հասկանային՝ արդյո՞ք մայրը որևէ կերպ ներգրավված է եղել կամ տեղյակ է եղել, որ հայրը նման բան է արել և թաքցրել է։ Ըստ երևույթին՝ համոզման են եկել, որ մայրը որևէ կերպ չի մասնակցել կամ չի պաշտպանել ամուսնուն, ամեն դեպքում, մայրն իր երեխաների համար վտանգ չի ներկայացնում։ Մասնագետները եկել են այդ եզրակացությանը, և այդ հիմքով երեխաները վերադարձվել են ընտանիք»,- ամփոփեց խոսքը Միրա Անտոնյանը։

Մարիաննա Արամյան

Send