Բազմոցին պառկած հեռախոսից կամ նոութբուքից օգտվելու սովորությունը կարող է հանգեցնել այտուցների, գլխապտույտի և քնի խանգարումների։ Այս մասին «Ռադիո Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում զգուշացրել է ռուս հայտնի բժիշկ, ողնաշարի նյարդաբան (վերտեբրոնեւրոլոգ), մանուալ թերապեւտ և ռեֆլեքսոլոգ Անդրեյ Կաբիչկինը։
Մասնագետը բացատրել է, որ երբ մարդը պառկած վիճակում գաջեթ է պահում, պարանոցի մկանները մշտական լարվածության մեջ են մնում։ Այս դիրքը նպաստում է այտուցների առաջացմանը և խաթարում է արյան շրջանառությունը ողնաշարային զարկերակում, որն արյուն է մատակարարում ուղեղիկին։ Արդյունքում կարող են ի հայտ գալ քայլվածքի անկայունություն, քնի խանգարումներ, ընդհանուր թուլություն և գլխապտույտ։
Բժշկի խոսքով՝ քնելուց առաջ հեռախոսից կամ այլ սարքերից օգտվելը նաև զրկում է ուղեղին այն ժամանակից, որն անհրաժեշտ է քուն մտնելուն նախապատրաստվելու համար։ Նման ապրելակերպը մեծացնում է անքնության զարգացման ռիսկը։
Պառկած վիճակում սմարթֆոնից օգտվելու սովորության բացասական հետևանքներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել մի քանի պարզ կանոնի։
«Դրանց թվում են՝ զբոսանքները մաքուր օդին և գաջեթների օգտագործման սահմանափակումը (մեկ անգամից ոչ ավելի, քան 30–40 րոպե)՝ միաժամանակ պահպանելով ճիշտ կեցվածք։ Մի՛ մոռացեք հետևել ձեր կեցվածքին։ Փորձեք շաբաթական երկու-երեք անգամ զբաղվել որևէ ֆիզիկական ակտիվությամբ։ Խոսքը պարտադիր չէ, որ լինի պրոֆեսիոնալ սպորտ. դա կարող է լինել պար, քայլք (հատուկ ձողերով կամ առանց դրանց) կամ պարզապես թեթև վարժություններ բացօթյա տարածքում՝ այնպիսի գործողություններ, որոնք հաճույք են պատճառում՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության», — ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ նստակյաց աշխատանք ունեցող մարդիկ պետք է հիշեն «90 աստիճանի կանոնը»․ ողնաշարի և կոնքոսկրի միջև պետք է պահպանվի 90 աստիճանի անկյուն, և նույն անկյունը պետք է պահպանվի նաև կ Բացի այդ, հարկավոր է ոտքերը հարթ դնել հատակին, աչքերի և էկրանի միջև պահպանել 40–60 սանտիմետր հեռավորություն, իսկ նախաբազուկները հենել աթոռի բազկաթոռակներին։

Русский