Եվրոպան թերագնահատում է այն «ազդեցությունը», որը Ռուսաստանն ունի եվրոպական հասարակությունների վրա, իսկ Գերմանիայում և ԵՄ-ում շատերը լրջորեն չեն ընդունում Մոսկվայի կողմից, իբր, բխող «սպառնալիքը»։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Ինձ ամենից շատ անհանգստացնում է Ռուսաստանի՝ մեր հասարակությունների վրա ունեցած ազդեցության թերագնահատումը։ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել ամբողջ քաղաքական կարգը մեր՝ եվրոպական մայրցամաքում», — նշել է կանցլերը։
Ըստ Մերցի՝ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում շատերը բավականաչափ լրջորեն չեն ընդունում, այսպես կոչված, «ռուսական սպառնալիքը»։
«Խոսքը միայն Ուկրաինայում տարածքային ձեռքբերումների մասին չէ։ Նրանք վախենում են ժողովրդավարությունից։ Նրանք վախենում են բաց հասարակություններից։ Նրանք վախենում են եվրոպական ինտեգրման հաջողությունից», — հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Բեռլինը՝ այլ դաշնակիցների հետ միասին, ֆինանսավորում է Ուկրաինային՝ հոգալով պաշտպանության և սպառազինության ծախսերը՝ առանց Վաշինգտոնի աջակցության։
Մերցն ընդգծել է, որ Կիեւին ֆինանսավորելը «հսկայական բեռ» է դնում եվրոպական պետությունների բյուջեների վրա։ Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները մտադիր են շարունակել միջոցներ տրամադրել Կիևին՝ մինչև հակամարտության ավարտը։

Русский