ԱԺ-ում մենք տեսնում ենք մի Նիկոլ Փաշինյանի, լրագրողների հետ ճեպազրույցներին՝ մեկ այլ Նիկոլ Փաշինյանի։
Նույն Նիկոլ Փաշինյանն ընդդիմության հարցերին պատասխանում է ակնհայտ քամահրանքով, ծաղրանքով։
Լրագրողների հարցերի ժամանակ նա զգալիորեն լարվում ու զգաստանում է։
ԱԺ-ում ամբողջ ՔՊ-ն է նախահարձակ վարքագիծ դրսևորում, հատկապես, երբ ընդդիմությունը բարձրաձայնում է օրինակ՝ թոշակի բարձրացման տեսքով փաթեթավորված ընտրակաշառքի, պարգևավճարների, Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ի թեմաները։
Պեռաշկի-կուկուռուզի, վրացական գաստրոլների տեսանյութերը ներկայացնելով որպես իրենց ձեռք բերած խաղաղության ու անվտանգության երաշխիքների դրսևորում՝ ՔՊ-ն ցույց է տալիս, որ մտահոգվելու պատճառ չունի։
Պետական գործչի, ղեկավարի պահվածքը միայն սեփական երկրի քաղաքացիների համար չէ, այդ պահվածքով ուրիշ երկրները նաև մեր մասին են կարծիք կազմում, հետևություններ անում, հատկապես այն երկիրը, որտեղ հիմա պատերազմ է։ Ու մենք չտեսանք, որ երբ մե՛զ մոտ էր պատերազմ, ու մե՛ր երեխաներն էին զոհվում, Իրանի նախագահը կամ Պաշտպանության նախարարը պեռաշկի-կուկուռուզ ուտելու տեսանյութեր նկարեին ու համացանցով տարածեին։ Նրանք չէի՞ն կարող սեփական ժողովրդին հանգստացնելու համար, թե հայ-ադրբեջանական պատերազմը Իրանին չի սպառնում, թեյ խմեին, նկարեին ու տարածեին։
Կարող էին, բայց չեն արել, երբեք չեն էլ անի նման բան։ Որովհետև գոյություն ունի կոռեկտության, պետական և պաշտոնական փոխադարձ հարգանքի տարրական կանոն, զուտ մարդկային բարոյականության ու պարկեշտության սահման, որը խախտել չի՛ կարելի։

Русский