«Արդեն երկու տարի է՝ մեր սահմաններին մարդ չի զոհվել։ 1994 թվականից էս կողմ նման բան գոյություն չի ունեցել։ Դա հիմա պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն է։ Սովետի փլուզումից հետո չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար մեջ առևտուր անեն, չի եղել, որ Ադրբեջանի ղեկավարը և Հայաստանի ղեկավարը երկու կողմից խոսեն խաղաղության մասին, և մենք պետք է վախենանք այդ խաղաղությունը ձեռքներիցս բաց թողնելուց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների մասին հարցին։
Հայաստանի իշխանությունները շատ են թմբկահարում իրենց բերած այսպես կոչված խաղաղությունը՝ երաշխավորելով, որ իրենց կառավարության շարունակականության դեպքում այդ խաղաղությունը կլինի կայուն ու հարատև։ Եվ որպես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վկայագիր ներկայացնում են նախ սահմանին զինվորների ապահով ծառայությունը՝ առանց կրակոցների ու մահերի, առանց փոխհրաձգությունների, ապա վերջին ժամանակահատվածում Ադրբեջանով դեպի Հայաստան տարբեր երկրներից իրականացվող բեռնափոխադրումները, ադրբեջանական բենզինի Հայաստան ներմուծումը, որի անունն իշխանությունները դնում են Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնում։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարություններին, ասաց, որ իր համար ուրախալի է սահմանին կրակոցների բացակայությունը և մեր զինվորների մահվան դեպքերի բացառումը, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք արդեն Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն ենք հաստատել․ «Այն, որ սահմանին զինվոր չի զոհվում, բնականաբար ողջունելի է, սակայն հիշենք, որ 2018-2020 թվականներին էլ սահմանին զինվոր չէր զոհվում։ Ընդ որում, այդ խաղաղ ժամանակահատվածն ավելի երկար էր, քան իրենց նշած վերջին ժամանակահատվածը, բայց դրանից հետո եղան աղետալի դեպքեր, զարգացումներ՝ հազարավոր զոհերով։ Հետևաբար զինվոր չզոհվելու հանգամանքը փաստարկ չէ այն մասին, որ մենք ապրում ենք երաշխավորված և հաստատուն խաղաղության շրջափուլում։ Առավել ևս, որ հաստատուն խաղաղության որևէ այլ փաստարկ և կայուն երաշխիք իշխանությունը չի կարողանում ներկայացնել։ Իսկ հակառակի վկայությունները բազմաթիվ են»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ առևտրին կամ լոգիստիկ կապերին, Հակոբ Բադալյանն ասաց, որ այս դեպքում ամեն ինչ տեղի է ունենում Ադրբեջանի թելադրած տրամաբանությամբ՝ անհավասար պայմաններոով։ Բեռների հակառակ փոխադրում՝ Հայաստանից ապրանքների մատակարարում դեպի Ադրբեջան, Հայաստանից Ադրբեջանի տարածքով ապրանքների տեղափոխում դեպի Ռուսաստան կամ այլ երկրներ, այս պահին չի կատարվում։
Քաղաքական վերլուծաբանն ասում է, որ եղած բեռնափոխադրումներն էլ ավելի շատ իրականացվում են Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկումների արդյունքում, ոչ թե՝ Ալիևի և ՀՀ կառավարության երկխոսության։ Նա հիշեցնում է, որ ժամանակին Ռուսաստանը և Ուկրաինան սերտ տնտեսական հարաբերություններ են ունեցել, բայց դա բացարձակ երաշխիք չէ, որ այդ պետությունների միջև երբևէ չի կարող պատերազմ լինել։
«Հետևաբար տնտեսական հաղորդակցությունը որպես խաղաղության երաշխիք ներկայացնելը հիմնավոր չէ։ Ընդհանրապես խաղաղության և պատերազմի հարցը մանավանդ ժամանակակից աշխարհում ուժերի բալանսով է պայմանավորված։ Այնինչ իշխանությունների գովերգած խաղաղության դրսևորումները ոչ թե բալանսավորված շահերի տրամաբանությամբ են լինում, այլ այն ռեժիմով, որը պատկերացնում և անհրաժեշտ է համարում Ադրբեջանը»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։
Թագուհի Ասլանյան

Русский