Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քլինթոնները կարող են քրեական հետապնդման ենթարկվել, եթե չներկայանան Էպշտեյնի գործով հարցաքննությանը

Blog Image

Բիլ և Հիլարի Քլինթոնները կարող են քրեական հետապնդման ենթարկվել, եթե չներկայանան ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով հարցաքննությանը, հաղորդել է «The New York Post»-ը։

Հրապարակման համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը սպառնացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին ու նրա կնոջը՝ ԱՄՆ նախկին պետական քարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, եթե նրանք հրաժարվեն ցուցմունք տալուց։

Հանձնաժողովի նախագահն առաջին անգամ նրանց կանչել է դատարան օգոստոսին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել։ Գործի հաջորդ լսումները նշանակված են դեկտեմբերի 17-ին և 18-ին։ Եթե զույգը կրկին չներկայանա կամ հունվարի սկզբին չնշանակի ամսաթիվ, Քոմերը վճռականորեն տրամադրված է նրանց դեմ վարույթ սկսել։

Նշվում է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և մինչև 100,000 դոլար տուգանք։ NYT-ն գրել է, որ «ոչ բոլոր վկաները, որոնք անտեսում են Կոնգրեսի կանչը, մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ»։

2008 թվականին ամերիկացի ներդրումային բանկիր Ջեֆրի Էպշտեյնն ընդունել էր մարմնավաճառությամբ զբաղվելու համար իր մեղքն ու դատապարտվել անչափահասի բռնաբարության համար։ 2019 թվականին նա կրկին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության համար և ինքնասպան եղել դատավարությունից առաջ։

Ըստ մեղադրանքի՝ Էպշտեյնը ստեղծել էր անչափահաս աղջիկների մարմնավաճառության և սեռական շահագործման ցանց, որոնցից մի քանիսին նա ինքն էր բռնաբարել կամ վաճառել հարուստ հաճախորդներին։

Ֆայլերը, մասնավորապես, պարունակում են տեղեկություններ ֆինանսիստի ծանոթների շրջանակի մասին, որը ներառել է մեծ թվով հայտնիների, քաղաքական գործիչների և գործարարների։ Նրանց թվում են Բիլ Քլինթոնը, Դոնալդ Թրամփը, արքայազն Էնդրյուն (ներկայիս բրիտանական թագավոր Չարլզ III-ի եղբայրը), Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդը, դերասան Դասթին Հոֆմանը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և ուրիշներ։

Send