Վաշինգտոնը մտադիր է պահպանել ռազմավարական անորոշությունը, որպեսզի Իրանի առաջնորդները «չկռահեն, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն», ասել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը «60 Minutes Overtime» հաղորդմանը։
Նրա խոսքով՝ Իրանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «անվերապահ հանձնվելու» կոչը նշանակում է, որ Վաշինգտոնը կպայքարի մինչև հաղթանակ և ինքնուրույն կսահմանի հակամարտության ավարտի պայմանները։ ԱՄՆ-ն «ձգտում է խաղաղության», բայց եթե պատերազմ անհրաժեշտ լինի, այն կշարունակվի մինչև «դրա նպատակներին հասնելը»։
Հեգսեթը նաև կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումը, որ ԱՄՆ հարվածները զգալիորեն հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը, բայց ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Թեհրանը դադարեցրել է դրա զարգացումը։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս ռազմավարությունը տարբերվում է Ջորջ Բուշ Կրտսերի դարաշրջանի «վարչակազմի փոփոխության պատերազմներից», որոնք նախատեսում էին հարյուր հազարավոր զինվորների տեղակայում հասարակությունը վերակառուցելու համար։ Նա նշել է, որ Իրանն ամերիկյան գծի վրա վերականգնելու փորձերը, ինչպես փորձ է արվել Աֆղանստանում, չեն նախատեսվում ու մերժվում են ԱՄՆ հասարակական կարծիքի կողմից։
Փիթ Հեգսեթը նաև անդրադարձել է Իրանում դպրոցի վրա հարձակմանը՝ նշելով, որ «հետաքննությունը շարունակվում է»։
ԱՄՆ ռազմական նախարարը շեշտել է, որ, «ի տարբերություն իրանական ուժերի, ԱՄՆ-ն չի թիրախավորում քաղաքացիական անձանց»։
«Մենք շարունակում ենք հետաքննությունը, և այս պահին դա է այն ամենը, ինչ կարող եմ ասել», - ասել է Հեգսեթը՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ հնարավոր ներգրավվածության մասին լուրերի վերաբերյալ հարցին։

Русский