Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Վեոլիա ջուր» ընկերությունը աուդիտի կենթարկվի․ ի՞նչն է պատճառը, ընկերությունը պատասխանատվության կենթարկվի՞

Blog Image

«Վեոլիա ջուր» ընկերությունը անկախ տեխնիկական աուդիտի կենթարկվի։  Այս մասին տեղեկացրել է Ջրային կոմիտեն՝ հայտնելով, որ աուդիտը ընկերության 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով է անցկացվելու, և գնահատելու է ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակն ու դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին, սահմանված կատարողական ցուցանիշներին։

Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝ մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների գոհունակության մակարդակը։ Բաժանորդների վերաբերմունքի գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել հարցումներ՝ պատահական ընտրանքով։
 
«Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար»,- նշված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
 
Սովորաբար, հանրային ընկալման մեջ աուդիտը ասոցացվում է այս կամ այն ընկերության կողմից իր պատասխանատվության ոլորտում կասկածելի գործունեություն իրականացնելու հետ, և Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունը իրավասու գերատեսչությունների ուշադրության ներքո հենց այնպես չի հայտնվել։ Մանավանդ, որ ընկերության գործունեությունից բաժանորդների դժգոհությունները բազմաթիվ են, քաղաքացիները բողոքում են մեկ ջրամատակարարման անկայուն գրաֆիկից, մեկ տևական ու չնախատեսված ջրանջատումներից, անգամ խմելու ջրի կասկածելի որակից, անսարք ջրախողովակներից կամայական հոսող, փողոցներն ու բակերը գարշահոտով լցնող կոյուղաջրերից։   
 
MediaHub-ը Ջրային կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աղունիկ Հովհաննիսյանից հետաքրքվեց՝ արդյո՞ք աուդիտ իրականացնելու նախաձեռնությունը պայմանավորված է «Վեոլիա ջուր» ընկերությունից բաժանորդների դժգոհություններով, ինչպես նաև, մասնավորապես, Բյուրեղավան համայնքում բնակիչների շրջանում երկու անգամ արձանագրված (մեկը՝ ապրիլին, մյուսը՝ հուլիսին) թունավորումների դեպքերով, քանի որ առողջապահության նախարարությունը թունավորումներից հետո իրականացրած փորձաքննությունների արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ է հայտնաբերել։ Բացի այդ, նաև տեղեկություններ կան, որ ընկերությունը որոշ համայնքներում խմելու ջրին արտեզյան ջուր է խառնում, ինչը, ըստ որոշ պնդումների, չի համապատասխանում խմելու ջրի համար ներկայացվող պահանջներին։ Ջրային կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝
Անկախ աուդիտն իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված վարձակալության պայմանագրի 6.7 կետի շրջանակում՝ պայմանագրով նախատեսված դրույթներին և պահանջներին համապատասխան։ Աուդիտորի ընտրության գործընթացը Ջրային կոմիտեի կողմից նախաձեռնվել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերից։ Անկախ տեխնիկական աուդիտն իրականացվելու է պարբերաբար մինչև վարձակալության պայմանագրի ավարտը՝ 2031 թվականի վերջը։
 
«Պայմանագրով նախատեսված կատարողական ցուցանիշների համապարփակ գնահատման և ուսումնասիրության նպատակով աուդիտորի կողմից տարեկան կտրվածքով իրականացվելու են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով Ջրային կոմիտեին կներկայացվեն համապատասխան հաշվետվություններ»,- նշված է կառույցի պատասխանում։
 
Խմելու ջրին արտեզյան ջրեր խառնելու պնդումների վերաբերյալ կոմիտեից արձագանքեցին, թե 1970-ական թվականներից Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան պոմպակայանների համալիրից, որը ի սկզբանե նախատեսված էր տվյալ տարածքի բնակավայրերին խմելու ջրով ապահովելու համար։ Ըստ մեզ տրամադրած տեղեկության՝ տարիներ շարունակ մատակարարվող ջուրը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացրել։

Այդուհանդերձ, 2017 թվականի հունվարից, երբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստանձնեց Հայաստանի Հանրապետության 380 բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառավարումը, իրականացված տեխնիկական լուծումների, ներդրումների և ջրակորուստների նվազեցման արդյունքում ստեղծվեց այլընտրանքային հնարավորություն՝ նշված բնակավայրերի ջրամատակարարումն ապահովելու նաև այլ ջրաղբյուրներից։ «Սակայն ամռան ամիսներին, շոգ եղանակի և ջրասպառման աճի պայմաններում, Գառնու և Արզականի աղբյուրների ջուրը բավարար չէ տվյալ տարածքների ամբողջ պահանջարկը հոգալու համար։ Այդ պատճառով Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, ինչպես նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից։

Արարատյան խորքային հորերի ջուրը զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրերին, սակայն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։ Խմելու ջրի որակն առաջնահերթություն է, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այն գործող սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան ապահովելու համար։ Ջրի որակը պարբերաբար վերահսկվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան»,- պատասխանել է Ջրային կոմիտեն։
 
Անդրադառնալով Բյուրեղավան համայնքում արձանագրված դեպքերին՝ կոմիտեից հետևյալը հայտնեցին․ «Ապրիլի 29-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել էր, որ կրկնակի նմուշառումներից կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակը համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, և որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։ Իսկ օրեր առաջ արձանագրված դեպքի մասով նշենք, որ ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռևս պատրաստ չեն, և ներկայումս իրականացվում են կրկնակի հետազոտություններ։ Հորդորում ենք՝ այս փուլում զերծ մնալ չհիմնավորված ենթադրություններից և սպասել հետազոտությունների արդյունքներին»:
 
Թագուհի Ասլանյան

Send