Շաքիի ահաբեկչությունից ուղիղ մեկ ամիս է անցել։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում, իսկ նրա երեխաները դեռ չեն կարողանում հաղթահարել կատարվածի հոգեբանական ծանր հետևանքները։
Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը, MediaHub-ին հայտնել է, որ վաղը՝ նոյեմբերի 3-ին, Անին հերթական վիրահատության կենթարկվի։ «Առողջական վիճակը նույնն է, դեռ պառկած է։ Հույս ունենք, որ վաղը տեղի ունենալիք վիրահատությունից հետո առաջընթաց կլինի»,- ասաց Արփին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինված զինծառայողը կրակ էր բացել Անիի ուղղությամբ, երբ վերջինս փորձել էր պաշտպանել պատանդառված անչափահաս երեխաներին։
Արփիի խոսքով՝ երեխաներն այժմ իրենց պապական տանն են և դպրոց են հաճախում։ Սակայն կատարվածի հետևանքով ստացած հոգեբանական տրավման դեռ հաղթահարված չէ։ «Երեխաները գտնվում են մեր հայրական տանը, դպրոց են հաճախում Մասիսի շրջանի Դաշտավան գյուղի դպրոցում։ Հոգեբանական ծանր ապրումների մեջ են։ Քնած ժամանակ խոսում են, գիշերները վեր են թռչում։ Հաղթահարելու համար ժամանակ է պետք»։
Շաքիի դեպքից մեկ ամիս անց Նասիմի Մուսաևի քրեական գործը շարունակում է գտնվել նախաքննության փուլում։ Հոկտեմբերի 2-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Մուսաևին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի և ռազմամթերքի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։
Նույն օրը դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը՝ նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք կիրառելով։
Անիի հարազատներին, սակայն, անհանգստացնում է նաև մեկ այլ հանգամանք․ Քննչական կոմիտեն և դատախազությունը մինչ օրս նախաքննության ընթացքի վերաբերյալ նոր պաշտոնական տեղեկություն չեն հրապարակել։ Հարազատներին հետաքրքրում է՝ արդյոք նշանակված փորձաքննություններն ավարտվել են, և ինչ փուլում է դրանց արդյունքների ուսումնասիրությունը։
Արփին դժգոհություն է հայտնում նաև տեղի ունեցածի վերաբերյալ հնչող այն մեկնաբանություններից, որոնցում Մուսաևը ներկայացվում է որպես մոլորված զինծառայող։
«Ասում են՝ մոլորված զինծառայող է։ Մոլորված զինծառայող չէր, այդ դուք եք մոլորեցնում մեր ժողովրդին»,- ասաց Արփի Ավետիսյանը։
Հունան Թադևոսյան

Русский