MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության վաղվա նիստի օրակարգը, առաջարկված նախագծերից մեկում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։
Նոր կենսաչափական համակարգի ներդրման հիմնական նպատակն է ապահովել անվտանգ, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումն ու շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև արդիականացնել առկա, հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարձրացնելով համակարգի անվտանգության, հուսալիության և գործառնական արդյունավետության մակարդակը։
Նշված քաղաքականության և նպատակների իրագործմամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ 2026 թվականի մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք)։
Օրենքն ուժի մեջ է մտնելու էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում ներդրվելու է կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի նոր համակարգ, որը միտված է հանրային ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության նոր մակարդակի ապահովմանը։
Այսպիսով, կենսաչափական նոր համակարգի ներդրումը նպատակ ունի ոչ միայն արդիականացնել անձը հաստատող փաստաթղթերի ենթակառուցվածքը, այլև՝ ստեղծել ժամանակակից, անվտանգ և արդյունավետ ծառայությունների մատուցման միջավայր՝ հաշվի առնելով համակարգի բոլոր շահառու խմբերի կարիքներն ու ակնկալիքները։
Նախագծի նպատակն է՝ գործող իրավակարգավորումները համապատասխանեցնել Օրենքի պահանջներին, ապահովել իրավական եզրույթների միասնական և հետևողական կիրառությունը, ինչպես նաև՝ հստակեցնել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման հետ կապված ընթացակարգերը։
Նախագիծը նպատակ ունի կատարելագործել և արդիականացնել գործող իրավակարգավորումները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, իրավական որոշակիությունը և գործնական կիրառման արդյունավետությունը։
Միաժամանակ, նախագիծը նոր իրավակարգավորումներ սահմանելու նպատակ չի հետապնդում, այլ՝ կրում է գործող իրավակարգավորումները Օրենքի պահանջներին համապատասխանեցնող, հստակեցնող և կատարելագործող բնույթ։
Մարիաննա Արամյան

Русский