Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ծնեբեկի արտադրությունը Հայաստանում զարգանում է. ովքե՞ր են շուկան առաջ տանում

Տարիներ առաջ Հայաստանում ծնեբեկը շատերի համար գրեթե անհայտ մշակաբույս էր․ այն հազվադեպ էր հանդիպում թե՛ շուկաներում, թե՛ խոհանոցներում։ Սակայն այսօր պատկերն ամբողջությամբ փոխվել է։ Ծնեբեկը ոչ միայն լայն տարածում է գտել, այլ դարձել է խոհարարների, առողջ սնունդ նախընտրողների և համեղ ուտել սիրողների առօրյայի անբաժան մասը։

Այս փոփոխության ճանապարհին իր զգալի ներդրումն ունի «Ծնեբեկ» արտադրողների միության նախագահ Դավիթ Դավթյանը, ով տարիների ընթացքում կարողացել է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, խթանել արտադրությունը և նպաստել ծնեբեկի մշակույթի զարգացմանը Հայաստանում։

Այսօր տեղի ունեցավ «Ծնեբեկ» արտադրողների միության՝ գյուղատնտեսության զարգացման հասարակական կազմակերպության բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, գործընկեր կազմակերպությունների անդամներ և հյուրեր։

Բացման խոսքով հանդես գալով՝ Դավիթ Դավթյանը նշեց, որ ամեն անգամ նոր շուկա բարձրանալիս ակնհայտ է դառնում արտադրանքի պակասը։ Նրա խոսքով՝ հենց այդ հանգամանքն էլ հիմք է դարձել սկսել ավելի մասշտաբային և հանրայնացված աշխատանք։

Նրա գործընկեր Արամ Վերդյանը, ով Արցախից բռնի տեղահանվելուց հետո նույն ոլորտում իր գործունեությունը շարունակում է Հայաստանում, ընդգծեց, որ հատկապես կարևոր է, երբ «Ծնեբեկ» արտադրողների միությունը կարողանում է համախմբել բոլոր ուժերը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով նշեց, որ ասոցիացիայի ստեղծումը համագործակցության արդյունք է։

Դավիթ Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց նաև, որ գյուղատնտեսության չզարգացման հիմնական խնդիրներից մեկը հողակտորների մասնատվածությունն է։ Նրա խոսքով՝ միության կողմից գեներացվել է գաղափար, որի արդյունքում ՄԱԿ-ի կանանց տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում գործընթացում ներգրավվել են նաև կանայք։

Ծրագրի շահառու Գայանե Ծատուրյանը պատմեց, որ ստացել է հազար սածիլ և որոշել են նաև սեփական ներդրում կատարել՝ ձեռք բերելով ևս հազար սածիլ՝ ծրագրի արդյունքների հետ մեծ հույսեր կապելով։                                                     
Այս տեմպը պահպանելու դեպքում ծնեբեկը տարիներ անց կդառնա հայկական խոհանոցի անբաժան մասնիկներից մեկը։

Send