Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ 6 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Սանահինի խաչմերուկի մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Շավարշ Շահնազարյանի գլխավորությամբ։

Փրկարարները մեծ դժվարությամբ վիրավորներին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները։

Send