Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեծ երկրները հակամարտում են մեր տարածաշրջանում, և բնականաբար, տուժելու ենք մենք. Դանիելյան

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ  Ջեյմս Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցը հակասական տրամադրություններ է առաջացրել քաղաքական դաշտում։ Եթե ՔՊ-ն ուրախությամբ հայտարարում է, թե աննախադեպ ու պատմական քայլ էր սա, ապա ընդդիմությունն ասում է՝ որևէ լավ բանի սպասել չարժի, քանի որ ոչ մի կարևոր հարց չի քննարկվել. պարտվածի հետ լուրջ հարցերի շուրջ չեն խոսում։

Իսկ ի՞նչ են մտածում քաղաքագետները, ի՞նչ արդյունք կարող է ունենալ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցը։

«Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը, փաստաթղթի ստորագրումը անմիջապես չի նշանակում, որ իրավիճակը կփոխվի։ Ինքը շուտով կայցելի նաև Բաքու, որտեղ նույնպես հայտարարություններ և փաստաթղթեր կլինեն։ Այդ ժամանակ ամեն ինչ ավելի հասկանալի կլինի։ Այս գործընթացի շրջանակում Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը Հարավային Կովկասի միջոցով մուտք գործելն է Միջին Ասիա, գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցություն սահմանելը, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը և Իրանի շրջափակումը ամրապնդելը։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք իրական նպատակը Իրանի ռեժիմը փոխելն է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ նման գլոբալ գործընթացներում ինչ-որ համաձայնագիրը, օրինակ, մոդուլային ատոմային էներգիայի ոլորտում, այնքան էլ էական չէ, բայց ռազմավարական առումով կարևոր է, քանի որ դա դուրս է մղում Ռուսաստանին տարածաշրջանից։

«Սա միաժամանակ վտանգ է առաջացնում. մենք գտնվում ենք Հարավային Կովկասում և շրջափակված ենք Իրանով, Ռուսաստանով և Թուրքիայով։ Եթե տարածաշրջանի երկրների հետ կնքվեն համագործակցային պայմանագրեր, դա կարող է առաջ բերել շահերի հավասարակշռություն և տարածաշրջանը դարձնել խաղաղ։ Բայց Հայաստանի իշխանությունների գործողություններն այս պահին տանում են վտանգավոր՝ երկիրը հակամարտության գոտու վերածելու ուղով։ Մեծ երկրները հակամարտում են մեր տարածաշրջանում, և, բնականաբար, տուժելու ենք մենք»,- նկատեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր արձագանքին, ապա Ստեփան Դանիելյանը նշեց.

«Այս պահին հստակ հակադարձումներ դժվար է ակնկալել, քանի որ Իրանն իր խնդիրներն ունի, Ռուսաստանը՝ Ուկրաինայի հետ չլուծված հակամարտություն, Չինաստանն էլ՝ ԱՄՆ-ից տնտեսական կախվածություն։ Այս ամենը պետք է դիտարկել որպես երկարաժամկետ գործընթաց՝ հասկանալու՝ տարածաշրջանը գնում է համագործակցությա՞ն, թե՞ հակամարտության ուղով»։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են արտաքին աջակցություն ստանալ ներքին քաղաքական նպատակների համար, ինչն առաջացնում է ռիսկեր և կարող է ներքաշել երկիրը հակամարտության մեջ.

«Մեծ երկրները հակամարտում են մեր տարածաշրջանում, և բնականաբար, տուժելու ենք մենք»,- ամփոփեց խոսքը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ալիտա Եղիազարյան

Send