Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ Փաշինյան Նիկոլը, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, առիթը բաց չթողեց նրան վիրավորելու և նվաստացնելու համար՝ ասելով, թե այդ լրագրողը նորմալ որևէ լրատվամիջոցում պահանջարկ չի ունենա իր չընտրվելու դեպքում, քանի որ լրագրողական որակը հազիվ բավարարում է «ֆայլաբազառում» առևտուր անելուն, և իր չընտրվելու դեպքում նա հենց այդ միջոցով էլ օրվա հացը վաստակելու է։
«Ձեր նման լրագրող Հայաստանի Հանրապետությունում պետք չի լինելու, դուք գործազուրկ եք լինելու»,- դիմելով լրագրողին՝ բռնկվեց Փաշինյանը։ Նաև հընթացս հիշեցրեց, թե ժամանակին ինչպես են նրա «ծնոտին հագցրել», ինչը լրագրողը իբր փորձում է մոռացության տալ․ «Ձեր ծնոտին հագցրել էին, մտածում եք՝ ոչ ոք ոչինչ չի հիշո՞ւմ»։
Եվ վերջում Կառավարման ակադեմիայում կրթվող Փաշինյանը, ի դեպ, ինքն այսօր այդ մասին հայտարարեց, լրագրողին խուրհուրդ տվեց հետևել իր օրինակին և գումար ծախսել սովորելու,
մասնագիտական որակները, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար։
Զավեշտն այն է, որ մինչև վարչապետ աշխատելը լրագրող, հետո էլ «դեղին» մամուլի խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանի բերանից են այդ արտահայտություններն ու հանդիմանանքը հնչում, մեկի, որն, ըստ ժամանակին իր հետ աշխատած գործընկերների, որպես լրագրող աչքի չի ընկել ոչ պրոֆեսիոնալիզմով, ոչ լայնախոհությամբ, ոչ տեղեկացված լինելու ձգտումով ու փաստահավաքության կարողությամբ, և ոչ էլ լրագրողական վարքականոնների պահպանմամբ։ Մենք էլ, հետևելով հայտնի ստեղծագործության՝ «գնացեք և հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» արտահայտության հերոսի խորհդին, հարցրինք և պարզեցինք, թե ինչպիսի լրագրող և խմբագիր է եղել Փաշինյանը հեղափոխությունից առաջ, որ հիմա էլ ուրիշներին է դասեր տալիս։
Լրագրող Ավետիս Բաբաջանյանը, որը 2000 թվականին որպես լրագրող աշխատել է «Հայկական ժամանակում»՝ Փաշինյանի ղեկավարությամբ, MediaHub-ին պատմեց, թե ինչպիսի խմբագիր ու ինչպիսի լրագրող էր Նիկոլ Փաշինյանը։
«Նրա այսօրվա պահվածքը և արտահայտությունները շատ ծանոթ են ինձ։ Նույն բառապաշարով ու հանդիմանանքով էր նա խոսում նաև իր խմբագրությունում աշխատող որոշ լրագրողների հետ»,- պատմում է Ավետիս Բաբաջանյանը՝ մասնավորապես հիշելով, որ «ֆայլաբազառ» արտահայտությունը նա կիրառել է նաև այն ժամանակ իր թերթում որպես լրագրող աշխատող Վահագն Հովակիմյանի առնչությամբ․ «Իմ ներկայությամբ Վահանգ Հովակիմյանին բազմիցս ասել է՝ դու այնքան ապաշնորհ լրագրող ես, այդպես էլ հոդված գրել չսովորեցիր, և եթե ես գնամ «ֆայլաբազառ», հետաքրքրվեմ, թե ով է այնտեղ գաջ քաշում ու նրան բերեմ խմբագրություն, այդ գաջ քաշողն ավելի լավ հոդված կգրի։ Եվ իր իշխանության օրոք նա այդ նույն մարդուն նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մեկին, ում ասում էր, որ «ֆայլաբազառի» գաջ անողից ավելի վատ է հոդված գրում, նման պաշտոն է վստահել»։
Ըստ Ավետիս Բաբաջանյանի՝ ինչպես որ այսօր էր Փաշինյանը սպառնում լրագրողին, որ իր չընտրվելու դեպքում նա սոված կմնա, աշխատանք չի գտնի և գործազուրկ կլինի, խմբագիր եղած ժամանակ էլ նույն հանդգնությամբ ու հոխորտանքով վիրավորում էր իր որոշ լրագրողներին՝ ասելով՝ եթե դուրս գան «Հայկական ժամանակից», իրենց ոչ ոք աշխատանքի չի ընդունի, սոված կմնան, որովհետև լավ լրագրողներ չեն․ «Այդ մարդն այնպես էր ներկայացնում, թե իբրև ինքն էր իր աշխատողներին ապահովում ապրուստի միջոցով, աշխատանքով, այնինչ իրականում ինքն էր ապրում այդ լրագրողների հաշվին, օգտագործում նրանց պրոֆեսիոնալիզմը, համարձակությունը, գիտելիքներն ու ունակությունները, բայց նաև նվաստացնում էր, ստորացնում, կասկածի տակ դնում նրանց մասնագիտական ունակությունները։ Երևի այդպես նրանց հաշվին նաև ինքնահաստատվում էր, մեծամտանում»։
Անդրադառնալով լրագրող Փաշինյանի մասնագիտական որակներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ նա բավականին սուր միտք ուներ, սակայն շատ նեղ աշխարհաճանաչողություն, սահմանափակ աշխարհընկալում և ամենակարևորը, որ մասնագիտության միակ խթանն իր համար փողն էր․ «Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա սպառնալիքից, շանտաժից, խաբեությունից բացի ուրիշ ի՞նչ ճանապարհով է փող աշխատել։ Ուզում եմ նրան այդ հարցը տալ։ Նրա աշխատանքային հիմնական գործիքը եղել է շանտաժը, խաբեութունը, այլ ոչ թե պրոֆեսիոնալ լրագրությունը»։
Անդրադառնալով «ծնոտին հագցնելու» հանգամանքով պայմանավորված լրագրողի հետ Փաշինյանի խոսելու հեգնական տոնին ու արտահայտություններին՝ Ավետիս Բաբաջանյանը հիշեցրեց, թե ինչպես էր ժամանակին՝ 1999 թվականին, Փաշինյան Նիկոլը ծեծ կերել մի գործարարից և փորձել դրանից շահ ստանալ, այդ հանգամանքը դարձրել իր համար առևտրի հնարավորություն․ «Նա այնքան նողկալի պահեց իրեն այդ ժամանակ, իր ծեծ ուտելը շուկա հանեց ու ծախեց դա՝ իրեն հոգեհարազատ շանտաժի միջոցով։ Եթե նա իսկապես պատվախնդիր լրագրող լիներ, կդիմեր իրավապահ մարմիններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու կհանրայնացներ խնդիրը, կփորձեր լուծում տալ, այլ ոչ թե իր համար շահավետ հնարավորություն կտեսներ այդ դեպքի հետ կապված։ Հերիք չէ ինքը չի բարձրաձանել դրա մասին, մի բան էլ իր աշխատակիցներին, որոնց աչքի առաջ դա եղել է, հրահանգել էր ու սպառնացել, որ ոչ մեկին, ոչ մի տեղ այդ մասին չպատմեն, որպեսզի ինքը կարողանա լռության դիմաց միջնորդների միջոցով իրեն ծեծողներից հնարավորինս շատ գումար կորզել»։
Թագուհի Ասլանյան

Русский