Քաղաքային իշխանությունները մի գեղեցիկ օր արթնացան ու որոշեցին Աջափնյակ համայնքի Շինարարների փողոցի երբեմնի խոտածածկ հատվածը հայտարարել հանրային գերակա շահ, կանաչապատել ու վերադարձնել Աջափնյակի բնակիչներին՝ հողին հավասարեցնելով տասնյակ տարիներ այնտեղ գործող բոլոր խանութները։
Ինչպես MediaHub-ի հետ զրույցում նշեցին խանութների սեփականատերերն ու վարձակալները, որոշումը հապշտապ է կայացվել՝ առանց իրենց հետ քննարկելու և խորհրդակցելու։ Պարզապես մի օր իրենց հորդորել են դատարկել խանութները, որովհետև դրանք քանդման ենթակա են։
Ավելի վաղ՝ մոտ մեկ ամիս առաջ, Շինարարների փողոցի հարևանությամբ կառուցված շատ խանութներ արդեն քանդվել էին անօրինական շինություններ լինելու պատճառաբանությամբ։ Եվ հենց այդ ժամանակ այսօր արդեն քանդված խանութների սեփականատերերին ու վարձակալներին հավաստիացրել էին, որ իրենց շինություններին ձեռք չեն տալու, քանի որ դրանք սեփականության վկայական ունեն և անօրինական չեն։
Բայց մեկ ամիս անց, չգիտես ինչու, քաղաքային իշխանությունները դրժեցին իրենց խոստումը և մեկ ժամում շինարարական տեխնիկայի կիրառմամբ «հաշվեհարդար տեսան» նաև Շինարարների փողոցի այն կառույցների հետ, որոնք օրինականորեն էին կառուցվել։ Պարզապես դրանց համայնքային հողի վարձակալման ժամկետն էր լրացել, բացառությամբ մեկ կառույցի, որի հողի վարձակալման ժամկետը վերջերս քաղաքապետարանը երկարացրել էր մինչև 2029 թվականը։
Բայց դա, փաստորեն, հիմք չեղավ կառույցը կանգուն թողնելու համար․ ավելին, այսօր առաջինը հենց այդ շինությունը քանդեցին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ նման հապշտապ քայլը պայմանավորված էր նրանով, որ կառույցի սեփականատերերը ժամանակ չունենային իրավական հիմքեր ներկայացնելու՝ քանդելու պրոցեսը կասեցնելու համար։
Թեև անգամ իրավական հիմնավորումների դեպքում ակնհայտ էր, որ քաղաքային իշխանությունները չեն ընկրկելու իրենց որոշումից, քանի որ հողին հավասարվեց նաև այն խանութը, որի սեփականատերը դիմել էր դատարան, և վերջինս առժամանակ կասեցրել էր քաղաքապետարանի որոշման կատարումը՝ մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը։
Որքան էլ խանութի սեփականատերերը փորձում էին Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի գիտակցությանը հասցնել, որ դատարանի որոշման դեմ գնալ չի կարելի, որ դա քրեական հանցագործություն է և դրա համար նա պատասխանատվության կենթարկվի, թաղապետի ուղիղ հրահանգով դատարանի որոշմամբ պաշտպանված խանութը ևս շինտեխնիկայի կիրառմամբ հաշված րոպեների ընթացքում վերածվեց փլատակների։
Սեփականատիրոջ փաստաբանը վստահեցրեց, որ հերթական գործն են հարուցելու արդեն ենթադրյալ հանցագործություն կատարած պաշտոնյաների, նրանց աշխատանքին չխոչընդոտող, այլ հակառակը՝ նպաստող ոստիկանների դեմ՝ ֆիքսելով նրանցից բոլորի դեմքերն ու գործողությունները։
Հուսահատված սեփականատերերի համար թերևս անսպասելի էր, որ անգամ դատարանի որոշման և քաղաքապետարանի կողմից հողի վարձակալության ժամկետի երկարացման դեպքում թաղապետը կարող էր հրահանգել անտեսել բոլոր խոչընդոտները և, ինքնիրավչություն կիրառելով, հողին հավասարեցնել բոլոր շինությունները՝ անկախ դրանց կարգավիճակից և օրինական լինել-չլինելուց։
Դա քիչ է, քաղաքային իշխանությունները, պարզվում է, մտադիր չեն անգամ փոխհատուցելու բոլոր այն սեփականատերերին, որոնց քանդած կառույցներն օրինական էին։ Համենայն դեպս, մինչև քանդելը պաշտոնյաներն այդ մասին ակնարկել են խանութների տերերին՝ հորդորելով դիմել դատարան։ Եթե դատարանը կորոշի փոխհատուցում տալ, ապա իրենք իբրև թե կկատարեն օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջը։
Այսօր էլ Աջափնյակի թաղապետը քիչ էր մնում հարազատ ծնողներով երդվեր, որ սեփականատերերի հետ առանձին կքննարկեն փոխհատուցման հարցը, և որևէ մեկը ձեռնունայն չի հեռանա։ Այնինչ, ինչպես այսօր նշում էին խանութների դժգոհ տերերը, իրենց խանութներն ոչ ոք չի գնահատել, արժեքը չեն հստակեցրել ու քանդել են, մինչդեռ փոխհատուցում տալու մտադրության դեպքում նախ պետք էր գնահատել սեփականությունը, որպեսզի հետագայում համարժեք փոխհատուցում տրվեր։
Իսկ հիմա, երբ այդ շինություններն այլևս չկան, ի՞նչ չափի փոխհատուցում պետք է տան տնտեսվարողներին, որոնց այսօր զրկեցին իրենց սեփականությունից և ապրուստի հիմնական միջոցից։ Ստով ու գաղտագողի կառույցները քանդած պաշտոնյաների հավաստիացումներին տնտեսվարողներն այլևս չեն էլ հավատում և վստահ են, որ որևէ փոխհատուցում չի լինելու. հակառակ դեպքում այդ փոխհատուցումները նախքան շինությունները քանդելը կտային, որպեսզի բողոքի ալիքն էլ հնարավոր լիներ կանխել։
Բայց երևում է՝ Հայաստանի ներկա բոլոր իշխանությունների համար օրենքից ու Սահմանադրությունից առավել վեր են սեփական ցանկություններն ու կամայական որոշումները։ Այդ դեպքում դատական համակարգի ի՞նչ բարեփոխումների մասին էին խոսում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը, եթե դատարանն էլ են իրենք, օրենքներն էլ, դատավորներն էլ, դատողներն էլ, և իրենք միանձնյա են որոշում՝ ով է մեղավոր, ով՝ հանցագործ, ով՝ անմեղ, ում կառույցն է անօրինական ու քանդման ենթակա՝ անկախ հակառակն ապացուցող հանգամանքներից, խոսուն փաստերից ու վկայություններից, անկախ փաստաթղթերի առկայությունից ու դատարանի որոշումներից։
Իհարկե, յուրաքանչյուր երևանցի ուզում է բարեկարգ, կանաչապատ ու հարմարավետ քաղաքում ապրել, և ամեն կանաչ գոտու առկայություն միայն քաղաքի ու երևանցու օգտին է։ Բայց այս դեպքում դեռ հարց է, թե որքանո՞վ իրականություն կդառնան Շինարարների փողոցի հարևանությամբ կանաչ տարածքների վերականգնման մասին հավաստիացումները։
Եվ մյուս կողմից էլ՝ եթե այդ կանաչապատումը պետք է իրականացվի տասնյակ ընտանիքների ապրուստի, աշխատատեղերի կրճատման, բյուջե հարկային հոսքերի նվազման, բիզնես շրջանակում հուսահատություն առաջացնելու և երկրում օրենքը ոտքի տակ տալու, տրորելու հաշվին (այդպիսով հաստատելով բռնապետական բարքերի առկայությունը), դա բավականին բարձր և անհամարժեք գին է կանաչ տարածքների ավելացման համար, եթե իհարկե քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումները նույնքան կեղծավոր չեն, որքան սեփականատերերին տված խոստումները։
Նման անհավասարակշիռ և նախապես չմտածված, չհամաձայնեցված քայլերի միջոցով մեկ այլ խնդիր էլ է առաջանում երկրում. առանց այն էլ գերբեռնված դատարանների վրա լրացուցիչ բեռ է ավելանում դժգոհ քաղաքացիների ու տնտեսվարողների կողմից իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելուն ուղղված նորանոր դատական հայցերով։ Ինչի հետևանքով դատական գործերի քննություններն անթույլատրելի երկար ժամանակ են պահանջում՝ երբեմն տարիներ, իսկ այդ ընթացքում շատ դեպքերում իրավունքների վերականգնումն անգամ դատարանի որոշումից հետո անհնարին է դառնում։
Թագուհի Ասլանյան

Русский