Զարմանալի է ՔՊ-ականների հանգստությունը, որով նրանք վերաբերվում են Հայաստանի սահմանն անօրինականորեն հատած ադրբեջանցի դասալիքի կողմից Շաքի բնակավայրում կատարված հանցագործությանը։
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն, օրինակ, համարում է, որ Հայաստանում հայերի կողմից ավելի սարսափելի հանցագործություններ են կատարվում՝ ընդհուպ սպանություններ, և հայերի ու ադրբեջանցի զինծառայողի կողմից կատարվածները դնում է նույն հարթության վրա։ Այստեղ են ասել՝ մեզ մեր այլանդակներն էլ են բավարար, ուրիշներինը չենք ուզում։
Ամեն դեպքում ՔՊ-ականները, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ամեն ինչ անում են հարցը քաղաքական համատեքստից շեղելու և ադրբեջանցու արարքին միմիայն իրավական գնահատական տալու համար։ Չենք էլ կասկածում, որ անգամ այդ գնահատականն ամենամեղմն է լինելու. արդեն իսկ Փաշինյանը և նրա թիմակիցները նրա համար հարմար ալիբիներ են հորինում, թե, հնարավոր է, մառախուղ է եղել, և նա մոլորվել է՝ մտնելով Հայաստան, թե հայ կնոջ վրա կրակելով ինքնապաշտպանվել է, թե երեխաներին ահաբեկել է, որովհետև հանկարծակիի է եկել, վախեցել է։
Ադրբեջանցու վախերը հաշվի առնող ու դրանով նրան արդարացնող հայկական իշխանությունը, սակայն, ապշում է, երբ ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ Սյունիքի բնակիչների շրջանում տագնապ կա Շաքիում տեղի ունեցածից հետո, և նրանք բացարձակ չեն վստահում պետական իրավապահ կառույցների հավաստիացումներին, թե Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորը մեկ հոգի է եղել։ Սյունեցիները հիմա ամեն կասկածելի, անծանոթ մարդու մեջ ադրբեջանցի զինծառայող են տեսնում ու զգուշանում, ահազանգում, թե հնարավոր է ադրբեջանցի զինվորական են տեսել։
Այսօր էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Սյունիքում խուճապային տրամադրությունների թեմային, հորդորեց չչափազանցնել ադրբեջանցու ներխուժումը Հայաստան և նրա կատարած հանցագործությունը՝ հայտարարելով, թե «մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ», բարձր ամբիոնից հայտարարում են սարսափի մասին, Ադրբեջանում էլ կմտածեն՝ «էդ կտցնուկը գնացել՝ սաղ Հայաստան թփրտում ա վախից»։
Դե, իհարկե, Երևանում սեփական ապահով ու անվտանգ տանը նստած նման հայտարարություններ անելը շատ հեշտ է։ Գուցե ՔՊ պատգամավորները, փարատելով սյունեցիների վախերն ու տագնապները, սեփական ընտանիքներին գործուղեն Սյունիք՝ սահմանամերձ բնակավայրեր, և այդպիսով հանգստացնեն տեղի բնակիչներին, թե տեսեք՝ այնքան անվտանգ է այդտեղ, որ մենք մեր հարազատների համար անգամ չենք անհանգստանում։ Կամ արդյո՞ք նույն Սասուն Միքայելյանը նման տոնով կխոսեր ադրբեջանցի հանցագործի մասին, եթե նրա կողմից վիրավորվողն իր հարսը կամ դուստրը լինեին, իսկ ահաբեկված ու մահից մազապուրծ եղած երեխաները՝ իր թոռները։ Վստահորեն նրա խոսույթը 180 աստիճանով կփոխվեր։
Բայց ուրիշների վշտի ու վրա հասած պատուհասի մասին հեռվից հեռու հուսադրող ու մեղմ գնահատականներով դատողություններ անելը խոսում է մեր երկրի ղեկավարության կողմից խնդիրն իր ողջ լրջությամբ չընկալելու և ընդհանրապես Հայաստանի բնակչության անվտանգության խնդիրներին մատների արանքով նայելու ցինիկ վերաբերմունքի մասին։ Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակվողները պետք է սրանից հետևություններ անեն, որ, Ալեն Սիմոնյանի ասած, իրենց անվտանգության երաշխավորը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ առավել ևս Հայաստանի իշխանությունները։
Թագուհի Ասլանյան

Русский