Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ, հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում՝ հնարավոր նոր նախաձեռնությունները։
Անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների և շուկայավարման կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։

Русский