Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Միջազգային

ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կարող է ցնցել նավթի համաշխարհային շուկան

Blog Image

Պարսից ծոցի շուրջ լարվածությունը օրեցօր սրվում է՝ ներառելով քաղաքական կոշտ հայտարարությունները, ռազմական սպառնալիքները և համաշխարհային տնտեսության վրա հնարավոր ծանր հետևանքների մասին  ահազանգերը։

Իրանական կողմից հայտարարում են, որ ԱՄՆ-ի հնրավոր հարվածը Խարկ կղզու վրա գտնվող Իրանի խոշորագույն նավթային տերմինալին կարող է զգալիորեն ազդել համաշխարհային նավթի գների վրա։ Նրա խոսքով՝ նման քայլը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական լայն հետևանքներ կունենա՝ անդրադառնալով միջազգային էներգետիկ շուկաների կայունության վրա։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Էմանուել Մակրոնի հետ հեռախոսզարույցում ընդգծել է, որ Իրանը չի սկսել այս, ինչպես ինքն է բնորոշել, «դաժան պատերազմը»։ Փեզեշքիանը հավելել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների օգտագործումը Իրանի դեմ է ուղղված և պետք է դադարեցվի, քանի որ վնասում է Իրանի և հարևան երկրների միջև հարաբերություններին։

Միջազգային զարգացումներին արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա գնահատմամբ՝ այն պետությունները, որոնք հարձակվել են Իրանի վրա, սկզբում կարծում էին, թե կարող են մեկ օրում պարտության մատնել երկիրը։ Սակայն այժմ, ըստ Լավրովի, նրանք սկսել են հասկանալ, թե որքան սխալ էին իրենց հաշվարկները։ Նա հավելել է, որ Իրանը ներկայումս իրականացնում է պաշտպանական գործողությունները՝ հարվածներ հասցնելով այն երկրների ռազմական ենթակառուցվածքներին, որոնք մասնակցել են ագրեսիային։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու հարցում և արդեն բանակցություններ է վարում ամերիկայն կողմի հետ։ Թրամփը նաև կոչ է արել այլ պետություններին ներգրավվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ բազմաթիվ երկրների տնտեսությունները այդ ծովային ուղուց շատ ավելի մեծ կախվածություն ունեն, քան հենց ԱՄՆ տնտեսությունը։ Լարված իրավիճակը ռազմական հարթություններում նույնպես շարունակվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարված է հասցվել Թեհրանում գտնվող Իրանի հետախուզության հրամանատարական կենտրոնին, որը, ըստ նրանց տվյալների, տեղակայված էր էլեկտրաէներգետիկ ընկերության շարքում։ 

Մինչ քաղաքական և ռազմական հայտարարությունները շարունակվում են, միջազգային փորձագետները ահազանգում են նաև տնտեսական հետևանքների մասին։ Հորմուզի նեղուցի փակումը արդեն հանգեցրել է պարարտանյութերի համաշխարահյին արտահանման շուրջ 50 տոկոսի դադարեցման։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս իրավիճակը կարող է առաջացնել պարենային լուրջ խնդիրներ Եվրոպայում և Ասիայում։ Այսպիսով, Պարսից ծոցի շուրջ ձևավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված՝ միաժամանակ ազդելով թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛  համաշխարհային տնտեսության վրա։

Ալիտա Եղիազարյան

Send