ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է միջոցներ մշակել Կոլումբիայի շրջանում տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ։ Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Փաստաթուղթը կրում է «Հիվանդություններ տարածող վնասատուների վերացում և բնության գրկում հանգստի վայելման վերականգնում» վերնագիրը։
Համաձայն հրամանագրի՝ Ներքին գործերի նախարարը, Գյուղատնտեսության նախարարը և Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավարը պարտավոր են «մշակել և իրականացնել արշավ Կոլումբիայի շրջանում՝ մինչև 2028 թվականը 90%-ով կրճատելու ասիական վագրային մոծակի, դեղին տենդի մոծակի և այլ ինվազիվ մոծակների պոպուլյացիաները, ինչպես նաև 50%-ով կրճատելու տզերի պոպուլյացիան՝ հնարավորության դեպքում ապահովելով հետագա կրճատումներ»։
Վագրային մոծակներն ունեն յուրահատուկ գունավորում՝ սև և սպիտակ գծավոր մարմին։ Այս տեսակը հիմնականում հանդիպում է Հարավարևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, սակայն դրա տարածման արեալն ընդլայնվել է և ընդգրկել Ամերիկան, Աֆրիկան, Եվրոպան և Ավստրալիան։ Վագրային մոծակը փոխանցում է դեղին տենդ, դենգե տենդ և Զիկա վիրուս։
Դեղին տենդի մոծակը (*Aedes aegypti*, բառացի՝ «եգիպտական կծող») ի սկզբանե տարածված է եղել Աֆրիկայում, սակայն վերջին տարիներին հայտնաբերվում է ամբողջ աշխարհի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Բացի դեղին տենդից՝ դրանք փոխանցում են նաև Զիկա վիրուսը, դենգե տենդը և չիկունգունյա վիրուսը։

Русский