Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Որոշողը Զելենսկին չէ. ո՞ւմ կամքից է կախված նրա՝ Հայաստան գալ-չգալը

Blog Image

Երևանում մայիսի 4-ին նախատեսվում է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը։ Թեև Հայաստանը հրավիրել է տարբեր տարածաշրջանային առաջնորդների, վերջին հաղորդագրություններում չի նշվում՝ արդյոք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես հրավիրված է այս գագաթնաժողովին։ Միևնույն ժամանակ, ընդունված պրակտիկայի համաձայն, ԵՔՀ շրջանակներում հրավերներ սովորաբար ուղարկվում են բոլոր անդամ պետություններին։

Ինչպե՞ս կփոխվի մթնոլորտը Հայաստանում, եթե Զելենսկին գա Հայաստան։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկ Այվազյանի հետ, ում գնահատմամբ՝ կործանված պետության ղեկավարին հրավիրելով՝ մենք ներքաշվում ենք այդ գործընթացի մեջ։

«Ուկրաինան գնում է իր պետականության կործանմանը, և եթե մենք այստեղ ընդունում ենք մի պետության ղեկավարի, որը, իմ գնահատմամբ, ապագա չունի, ապա ինքներս էլ կարող ենք ներքաշվել այդ գործընթացների մեջ։ Եթե նա գա և հանդես գա հակառուսական հայտարարություններով՝ Ռուսաստանին անվանելով թշնամի, ապա դա կարող է ակտիվացնել նաև «հինգերորդ շարասյունը» և լրացուցիչ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Բացի այդ, երբ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր լայնածավալ դիմակայության, ապա որքան Հայաստանը խորացնում է իր պարտավորությունները ԵՄ-ի առաջ, այնքան ավելի է ներգրավվում այդ հակառուսական ռազմավարության մեջ։ Իսկ դա, իմ կարծիքով, կարող է ունենալ լուրջ բացասական հետևանքներ թե՛ անվտանգության, թե՛ պետականության տեսանկյունից»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր արձագանքին՝ Այվազյանն ընդգծեց։ 

«ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը հասավ իր զարգացման գագաթնակետին, իսկ Ռուսաստանը՝ անկման ամենացածր կետին։ Սակայն այսօր գործընթացները հակառակ ուղղությամբ են զարգանում․ Արևմուտքը թուլանում է, իսկ Ռուսաստանը՝ վերելք ապրում։ Այն պետությունները, որոնք ճիշտ են գնահատում այս իրողությունը և կառուցում են խորը, բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ, շահելու են, իսկ նրանք, ովքեր գնում են հակառակ ուղղությամբ, կարող են կորուստներ կրել։ Թե ինչպիսին կլինի Հայաստանի ներքաղաքական զարգացումը՝ ընտրությունների արդյունքները, իշխանության պահպանումը կամ արտաքին քաղաքական ուղղությունը, Ռուսաստանի ընդհանուր վերելքի վրա ազդեցություն չի ունենա։ Սակայն մենք կարող ենք վնասել ինքներս մեզ։ Ռուսաստանը, ըստ էության, ասում է՝ եթե ցանկանում եք ձեր փոքր նավակով ինքնուրույն նավարկել այս փոթորկոտ օվկիանոսում, ապա կարող եք դա անել, սակայն պետք է պատրաստ լինեք հետևանքներին։ Եթե մենք դա չենք գիտակցում և պնդում ենք բացառապես ինքնիշխան ճանապարհը, ապա նա պարզապես կսպասի և կհետևի, թե ինչով կավարտվի այդ ընթացքը։ Մենք չենք կարող դրանից խուսափել, քանի որ ամբողջ աշխարհն է ձգտում դեպի Ռուսաստան։ Ուղղակի մենք Փաշինյանի հետ կորուստներով կհասնենք այդ հանգրվանին, բայց լավ կլինի՝ շուտ և գիտակցված հասնենք, որպեսզի կորուստները քիչ լինեն»,- նշեց Այվազյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ կգա՞ արդյոք Զելենսկին Հայաստան, քաղաքագետը նշում է, որ դա ոչ մի կերպ կախված չէ Զելենսկու ցանկությունից։

«Դա չի որոշվում Կիևում։ Այդպիսի որոշումները հիմնականում կայացվում են Վաշինգտոնում և որոշ չափով՝ Բրյուսելում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին որքանով են նրանք շահագրգռված Ռուսաստանի հետ լարվածության աճով։ Եթե Վաշինգտոնը նպատակահարմար համարի նախընտրական շրջանում Հայաստանը ավելի խորը ներգրավել հակառուսական գործընթացների մեջ՝ հետագայում այդ գիծն արագացնելու համար, ապա նման այցը կարող է իրականություն դառնալ։ Վերջնական որոշումը կախված է ուժային բալանսից և աշխարհաքաղաքական հաշվարկներից»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։ 

Ալիտա Եղիազարյան

Send