«Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»։ Այսպես է Փաշինյանը մեկնաբանում այն իրողությունը, որ մինչ այս պահը դատված չեն ընդդիմադիր լիդերներ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որոնք, ըստ Փաշինյանի, փորձել են գողանալ քաղաքացու քվեն՝ ընտրակաշառք տալով, և որոնք, ըստ այդ նույն Փաշինյանի երբեմնի խոստման, պետք է հայտնվեին բանտում և այնտեղ գտնվեին նույնիսկ հաջորդ՝ 2031 թվականի ընտրությունների ժամանակ։
«Թող բոլորն իրենց հաշիվ տան՝ ինչով են զբաղված, բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու ու դատվելու են»,- հայտարարեց Փաշինյանը։
Հատկանշական է, որ իր իշխանության տարիներին կոռուպցիան իբր արմատախիլ արած և այդ հանգամանքով անընդհատ հպարտացած Փաշինյանը, որն այդ թեզը տարիներ շարունակ ներկայացրել է որպես սեփական իշխանության գլխավոր ձեռքբերումներից մեկը, այսօր ինքն է խոսում կոռումպացված դատավորների գոյության մասին։ Ավելին՝ նա ոչ միայն խոսում է դրանց մասին, այլ նաև փաստացի հրապարակային դատավճիռ է կարդում՝ նախապես որոշելով, թե ովքեր են մեղավոր և ինչ ճակատագիր պետք է ունենան։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս․ գործադիր իշխանության ղեկավարը դատողություններ է անում դատական իշխանության վերաբերյալ՝ իրեն վերապահելով այնպիսի դեր, որը սահմանադրական կարգի պայմաններում նրան վերապահված չէ։ Փաստացի, իշխանության մի ճյուղի ղեկավարը հրապարակային ճնշում է գործադրում մյուս ճյուղի նկատմամբ։
Ի՞նչ է այս ամենի մասին մտածում Դատական դեպարտամենտը։ Փորձեցինք պարզել, սակայն մեզ ասացին, որ այս փուլում ձեռնպահ կմնան Փաշինյանի հայտարարություններին արձագանքելուց։ Այդ լռությունը, սակայն, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։
Այնուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ մինչ այս պահը ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն չի ներկայացրել որևէ դատավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Գուցե այսօր արդեն արվեն այդ քայլերը․ չէ՞ որ Փաշինյանի ուղիղ հրահանգն արդեն հնչել է, և հանրային դաշտում ձևավորվել է հստակ ակնկալիք, որ համապատասխան մարմինները պետք է հետևեն այդ հայտարարություններին։
Ինչևէ, խնդիրն այստեղ շատ ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Իրավական պետությունում իշխանության մի ճյուղի ղեկավարը խառնվում է մյուսի գործերին, հոխորտում, սպառնում և հրապարակային ցուցումներ տալիս։ Սա նույնն է, ինչ հարևանիդ ամուսինը գա քո տուն և փորձի իր օրենքները թելադրել՝ անտեսելով տան իրական տիրոջը։ Եթե դատական իշխանությունը հստակ և սկզբունքային արձագանք չտա Փաշինյանի այս հայտարարություններին, ապա կարող է առաջանալ ոչ միայն ներքաղաքական, այլ նաև միջազգային իրավական և ինստիտուցիոնալ գնահատականների անհրաժեշտություն։
Այդ դեպքում միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ոչ միայն Փաշինյանի հայտարարությունը, այլ նաև Դատական դեպարտամենտի ցուցաբերած լռությունը, որը նման իրավիճակում նույնպես քաղաքական և իրավական գնահատականի կարիք ունի։
Նարե Գնունի

Русский