Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Օլեշկի քաղաքում հումանիտար օգնության առաքումը հնարավոր դարձնելու նպատակով։
Ըստ Սպիտակ տան՝ այս հրադադարի հաստատմանը նպաստել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ «Օլեշկիի բնակիչներն ապրում են էլեկտրաէներգիայի սահմանափակ հասանելիության պայմաններում, ականապատված ճանապարհներին և պարբերաբար ենթարկվում են ռազմական հարձակումների։ Ակնհայտ էր, որ առանց իմ միջամտության քաղաք հումանիտար օգնության հասցնելը և տարեցների տարհանումն անհնար կլինեին», - նշել է տիկին Թրամփը։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ առաջին տիկինն ու նրա ներկայացուցիչը «անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ տեղական հրադադարի պայմանները սահմանելու համար», և որ Մելանիան՝ «որպես բացառիկ միջնորդ, իր պաշտոնական կարգավիճակով բանակցություններ է նախաձեռնել երկու երկրների հետ»։
Հաղորդվում է նաև, որ ներգրավվել է ամերիկյան անկախ լրատվական կազմակերպություն՝ տեղում ռուսական և ուկրաինական խմբերի գործունեությունն ուղեկցելու և ամբողջ գործընթացը փաստագրելու համար։ «Ես և իմ ներկայացուցիչն անհապաղ գործի դրեցինք հաղորդակցության այն ուղին, որը նախկինում հաստատել էինք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ 34 երեխաների վերադարձի նախորդ գործընթացների ժամանակ։ Երկու երկրներն էլ անհապաղ խմբեր ուղարկեցին՝ բարդ գործողությունները, այդ թվում՝ ականազերծումը համակարգելու համար։ Այդ պահից ի վեր բոլոր կողմերն աշխատում են շուրջօրյա ռեժիմով», - նշել է առաջին տիկինը։

Русский