Արդեն հայտնել ենք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
Թե ինչ օրակարգով է ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում, ԱԳՆ-ից դեռևս չեն հայտնում՝ նշելով, թե կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Իսկ հնարավո՞ր է այս պատվիրակության հետ հայ գերիների մի խումբ էլ վերադաձած լինի հայրենիք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե ընտրություններին ընդառաջ Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ կվերադառնան։ Մասնավորապես, «Հրապարակը» գրել էր, որ Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, եւ Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:
Իսկ հնարավո՞ր է, որ հենց այսօր ադրբեջանական պատվիրակության հետ մեր հայրենակիցների մի խումբը վերադարձած լինի. հարցի վերաբերյալ պատասխան փորձեցին ստանալ Փաշինյանի աշխատակազմից։
«Գերիների մասով վարչապետը բազմիցս խոսել է, երբ նորություն լինի, կտեղեկացնենք»,- ասաց Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Русский