Բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական պարտադիր գրանցման համակարգի ներդրման՝ կառավարության մտադրությունը դեռ չմարսած, Փաշինյանը մարդկանց համատարած վերահսկելու և անձնական տվյալները վտանգելու նոր նախաձեռնություն է մտմտում։
Օրեր առաջ՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ, ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցադրմանը, թե իշխանությունն ինչպես է պատրաստվում պայքարել վերջին տասնամյակում Հայաստանում ակտիվորեն գործող ֆեյքերի և ֆեյքերի ֆաբրիկաների դեմ, Փաշինյանն առաջարկեց օրենսդրորեն ամրագրել, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան սոցիալական ցանցերում էջ բացել միայն նույնականացում անցնելուց հետո։ Նա խորհրդարանական ընդդիմությանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ սոցիալական ցանցերում «ֆեյք» հաշիվների արգելման հարցը քննարկելու և համապատասխան օրենք ընդունելու համար։
«Ես ձեզ առաջարկում եմ, քննարկեք, եկեք ասեք, որ համաձայն եք, աշխատանքային խումբ ձևավորենք, գնանք այդ օրենսդրական նախաձեռնությունը 100 % կողմով ԱԺ-ում ընդունենք»,- առաջարկեց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է համատեղ կոնսենսուս ձևավորել և սոցիալական ցանցերի առաջ խնդիր դնել, որ մեր երկրում ֆեյքն արգելված է, ով որ չի նույնականացվի անձնագրով, նրա էջերը կարգելափակվեն։ «Այդ ժամանակ կտեսնենք` ով է շահագրգռված ֆեյքերով, ով՝ չէ»։
Որքան էլ մեր երկրում ֆեյքերի ու ֆեյքերի ֆաբրիկաների առկայությունը լուրջ խնդիր է դարձել՝ հանրության շրջանում անպատիժ ատելություն սերմանելու, մարդկանց՝ հատկապես քաղաքական, հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող գործիչների հասցեին վիրավորանքներ, հայհոյանքներ հնչեցնելու, կեղծ տեղեկատվություն տարածելու և հանրային տեղեկատվական շփոթ առաջացնելու առումով, այդուհանդերձ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հավաստմամբ՝ վարչապետի առաջարկը տեխնիկական առումով որևէ խնդիր չի լուծի, և այդ առումով բոլոր ջանքերն անիմաստ են լինելու, որովհետև կառավարության սահմանափակումները շրջանցելու տարբեր տեխնիկական հնարավորություններ կան։
«Կառավարությունը փորձում է թվային տիրույթում ամբողջական վերահսկողություն սահմանել նմանատիպ առաջարկներով, սա առաջին ու վերջին քայլը չէ։ Մինչև այս էլ քննարկման առարկա դարձավ IMEI կոդերի պարտադիր գրանցումը, ինչը նույնպես հանրության համար մի շարք ռիսկեր է առաջացնելու և մարդկանց քայլերը վերահսկելու գործիք է դառնալու իշխանությունների ձեռքին։ Այս նոր մտադրությունը տեխնիկապես ոչ մի արդյունք չի տալու։ Կառավարությունը պարբերաբար խոսում է դրսից մեզ սպառնացող հիբրիդային հարձակումներից, բայց այս դեպքում հաշվի չի առնում, որ ներսում արված փոփոխությունները դրանք չեն կարողանալու կանխել։ Եթե այդ ֆեյքերը գրանցվեն այլ երկրում՝ Սիկտիվկարում, Բրյուսելում, Օհայոյում, այլ պետությունում, ինչպե՞ս է դրա դեմ պայքարելու մեր կառավարությունը, իրավապահները, ինչպե՞ս են ստիպելու, որ այդ մարդը նույնականացնի իր անձը սոցցանցերում։ Դա անհնար է, քանի որ այդ մարդն այլ պետությունում է։ Հայաստանում ևս կարելի է հանգիստ շրջանցել այդ պայմանը VPN-ով կամ այլ մեթոդներով»,- ասում է մեդիափորձագետը MediaHub-ի հետ զրույցում։
Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ մի կողմից այս քայլը խնդրի լուծում չէ, փոխարենը մյուս կողմից խոսքի ազատության դեմ է գործելու՝ դառնալով հակաժողովրդավարական հերթական նախաձեռնություն։ Բանն այն է, որ Հայաստանում դեռ 2017 թվականին ընդունված օրենքով գործում է ազդարարի ինստիտուտը։ Այն հատուկ իրավական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս անձանց ինչ-ինչ նկատառումներով, նաև իրենց անվտանգության համար անանուն մնալով հաղորդել հանցագործությունների, կոռուպցիոն դեպքերի, շահերի բախման կամ չարաշահումների մասին։ Օրենքը երաշխավորում է ազդարարի անձնական տվյալների գաղտնիությունն ու անանունությունը։ Արգելվում է ազդարարների հետապնդումը, ճնշումը կամ ազատումն աշխատանքից նման հաղորդումներ տալու համար։ Իսկ այս նախաձեռնությունն այս ինստիտուտի դրույթների դեմ է կիրառվելու։ Սամվել Մարտիրոսյանը հույս է հայտնում, որ նախաձեռնությունը օրենսդրական կարգավորում չի ստանա՝ հաշվի առնելով բոլոր հակափաստարկները, եթե, իհարկե, խնդիրը մարդկանց հետևից ընկնելը չէ։
Թագուհի Ասլանյան

Русский