ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ նավահանգստին և Բանդար Աբբաս քաղաքին, հաղորդել է «Fox News»-ի թղթակից Ջենիֆեր Գրիֆին՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ ԱՄՆ-ն մի քանի րոպե առաջ հարձակվել է իրանական Քեշմ և Բանդար Աբբաս նավահանգստների վրա, բայց հավելեց, որ սա պատերազմի վերսկսում կամ հրադադարի դադարեցում չէ», - գրել է Գրիֆինն X-ում։
Դրանից առաջ Fars լրատվական գործակալությունը հաղորդել էր «փոխհրաձգության մասին Իրանի զինված ուժերի և թշնամու միջև», որը փորձել է հարձակվել Քեշմ կղզու նավամատույցի վրա։ Չի նշվել, թե որ «թշնամու» մասին է խոսքը։
Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ՀՕՊ ուժերը սկսել են գործել արևմտյան Թեհրանում։ Իրանական Tasnim լրատվական գործակալությունը նաև հաղորդել է Սիրիկ նավահանգստի Թահերիա նավամատույցի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին։
Tasnim-ը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդել է, որ Միացյալ Նահանգները խախտել է հրադադարը՝ հարվածելով Ջասկ նավահանգստի մոտ տեղակայված իրանական նավթատարին։ Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող երեք ամերիկյան ականակիրների՝ օգտագործելով բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև պայթուցիկ նյութերով լի հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ «Հետախուզական տվյալները ցույց են տալիս ամերիկացի թշնամուն հասցված զգալի վնասը, և թշնամու երեք նավերը արագորեն լքել են Հորմուզի նեղուցը», - նշված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հայտնել է, որ ամերիկյան «USS Truxtun», «USS Rafael Peralta» և «USS Mason» ականակիրները ենթարկվել են Իրանի կողմից չհրահրված հարձակման Հորմուզի նեղուցով Օմանի ծոց անցնելիս։ Դրանք ենթարկվել են հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և փոքր նավերի հարձակման։ Ամերիկյան որևէ ակտիվ չի վնասվել։ Ինքնապաշտպանության նպատակով Միացյալ Նահանգները հետ է մղել հարձակումն ու պատասխան հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ մեկնարկային հարթակներին, հրամանատարական կետերին ու հետախուզական օբյեկտներին։
«CENTCOM-ը չի ձգտում սրացման, բայց պահպանում է մարտական պատրաստություն՝ ամերիկյան ուժերը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Русский