Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պետք է վստահ լինի, որ արել է ամեն ինչ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գլխավոր «կարմիր գիծը» հենց դա է։
Միևնույն ժամանակ, Թեհրանը Վաշինգտոնին փոխանցել է իր պայմանները՝ հայտարարելով, որ բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր կլինի միայն նվազագույն վստահության վերականգնումից հետո։ Իրանական կողմը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, վերացնել ԱՄՆ պատժամիջոցները, ապասառեցնել իրանական ակտիվները, փոխհատուցել պատերազմի պատճառած վնասները և ճանաչել Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Սակայն Վաշինգտոնը կոշտ է արձագանքել Իրանի առաջարկներին։ Թրամփը դրանք անվանել է անընդունելի։ ԱՄՆ առաջարկը ենթադրում էր, որ Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, սակայն կողմերի դիրքորոշումները շարունակում են հեռու մնալ միմյանցից։
Իրանի շուրջ վերջին զարգացումների և հնարավոր սցենարների մասին MediaHub-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ այժմ իրավիճակը կարելի է բնութագրել որպես «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»։
«Այս պահին հրադադար է, բայց իրավիճակը ցանկացած պահի կարող է կրկին պայթել։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շահագրգռված չէ պատերազմի խորացմամբ, և հնարավոր է՝ միջնորդների ջանքերով կողմերը վերադառնան բանակցությունների սեղան»,- նշեց իրանագետը։
Անդրադառնալով Իրանի ներկայացրած նոր առաջարկներին՝ Բեգիջանյանը համոզմունք հայտնեց, որ Թրամփը չի ընդունի դրանք։
«Կան կարմիր գծեր, որոնք Իրանը երբեք չի անցնի, և կարմիր գծեր ունի նաև ԱՄՆ-ն։ Հենց դա է պատճառը, որ կողմերը դեռ շատ հեռու են ընդհանուր հայտարարի գալուց։ Այս հարցը մեկ կամ երկու բանակցությամբ չի լուծվելու»,- ասաց Բեգիջանյանը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի առաջարկած հինգ նոր կետերը 14 կետանոց առաջարկի առանցքային հատվածներն են։
Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է վերահսկել աշխարհը՝ երկրներին ստիպելով հրաժարվել ռուսական էներգակիրներից և գնել ամերիկյան նավթ ու հեղուկացված գազ։ Նրա խոսքով՝ դա «գաղութատիրական և նեոգաղութատիրական» քաղաքականություն է։
Այս ամենի ֆոնին, սակայն, իրանագետը կարծում է, որ Ռուսաստանը չի ներգրավվի այս հակամարտության մեջ։ «Ռուսաստանը այս պատերազմին չի խառնվի։ Անշուշտ, էներգակիրների գործոնը նույնպես կարևոր է, և ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից է, բայց դա պատերազմի հիմնական պատճառը չէ։ Որոշիչ եղել է Իսրայելի դիրքորոշումը։ Բենիամին Նեթանյահուն է կարողացել համոզել Թրամփին գնալ այդ քայլին։ Հիմա, ըստ երևույթին, ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ այս իրավիճակից, բայց գործընթացն արդեն չափազանց բարդացել է»,- նշեց իրանագետը։
Բեգիջանյանի կարծիքով՝ ներկայիս վիճակը կարող է պահպանվել դեռ երկար ժամանակ։ «Հնարավոր է՝ երկար պահպանվի այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, մինչև միջնորդների ու տարբեր երկրների ներգրավմամբ վերսկսվեն բանակցությունները։ Իսրայելը մեծ դժվարությամբ է համաձայնել հրադադարին, քանի որ նրա հիմնական նպատակը Իրանի հնարավորությունների լիակատար չեզոքացումն է»,- ասաց նա։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանի համոզմամբ՝ վերջնական համաձայնության հասնելը չափազանց բարդ է, քանի որ գործընթացում ներգրավված են ոչ միայն Վաշինգտոնն ու Թեհրանը, այլ նաև Իսրայելի շահերը։
«Եթե հարցը միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև լիներ, հնարավոր է՝ ավելի արագ լուծում գտնվեր։ Սակայն այստեղ առանցքային դեր ունի Իսրայելը, որի ճնշմամբ և ցանկությամբ էլ սկսվել է այս գործընթացը։ Հետևաբար, ցանկացած պայմանավորվածություն պետք է բավարարի նաև Իսրայելի պահանջները, իսկ դրանք շատ կոշտ են»,- եզրափակեց իրանագետը։

Русский