Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Ուժեղ Հայաստանին», «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստանին» կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Blog Image

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված նախընտրական ամփոփիչ բանավեճի ընթացքում քննարկման առարկա դարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հարցը։ Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պնդում էին, թե այդ ուժերը ներկայացնում են Ռուսաստանի շահերը և, հետևաբար, չպետք է մասնակցեն համապետական ընտրություններին։

Հարցը բարձրացրեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դուք արձանագրում եք, որ այստեղ կան օտար պետությունների կոլաբորացիոնիստներ։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք ընդհանրապես մասնակցում ընտրություններին, և ինչո՞ւ է թույլատրվել, որ օտարերկրյա պետության շահերը ներկայացնող անձինք մասնակցեն համապետական ընտրություններին, եթե պետական մարմիններն ունեն համապատասխան փաստեր»,- ասաց նա։

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ հիշյալ քաղաքական ուժերը «բազմագլուխ հրեշ» են և արտաքին քաղաքական այնպիսի խոսույթ են կիրառում, որը, ըստ նրա, ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք վարչապետին, որ այդ կուսակցություններին չպետք է թույլատրել մասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Սարգսյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքական ուժերին զբաղվել այդ հարցով՝ նշելով, որ իր միջամտության դեպքում կարող են հնչել քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքներ։

Դրան արձագանքելով՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն հրապարակային դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն ստացել է պատասխան, որ Հայաստանի ԿԸՀ-ն չունի այնպիսի լիազորություններ, ինչպիսիք ունի, օրինակ, Մոլդովայի ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Մոլդովայում նախորդ ընտրություններից առաջ ԿԸՀ-ն թույլ չէր տվել ընտրություններին մասնակցել մի շարք քաղաքական ուժերի, որոնք իշխանությունները համարում էին ռուսամետ։

Սարգսյանի հայտարարությունից հետո Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ներկայացվե՞լ է պաշտոնական գրավոր դիմում, ինչպես պահանջում են իրավական ընթացակարգերը։ Քննարկման ընթացքում կարելի էր ենթադրել, որ վարչապետը մատնանշում էր հարցի իրավական լուծման հնարավոր ճանապարհը։ Ի պատասխան՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը գրավոր դիմում կներկայացնի ԿԸՀ։

Սակայն MediaHub-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հայտնել է, որ ժամը 11:30-ի դրությամբ ընդդիմադիր ուժերին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ որևէ գրավոր դիմում հանձնաժողովը չի ստացել։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Արամ Սարգսյանը դիմել ԿԸՀ նախագահին, Ղուկասյանը պարզաբանել է, որ Սարգսյանը պարբերաբար նման հայտարարություններ է անում հարցազրույցների ընթացքում և, հավանաբար, հենց դրանք է նկատի ունեցել, երբ խոսել է ԿԸՀ նախագահին դիմելու մասին։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովից նախկինում արդեն հայտնել են, որ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի։

Թագուհի Ասլանյան

Send