Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ընդդիմությունը ճակատագրական սխալ թույլ տվեց․ սահմանադրագետի գնահատականը՝ ընտրություններին

Blog Image

Ընտրությունների արդյունքների շուրջ քաղաքական և հասարակական քննարկումները շարունակվում են։

Թեև ԿԸՀ-ն դեռևս չի ամփոփել վերջնական արդյունքները, արդեն հայտնի է, որ մի շարք տեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, իսկ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Գործընթացի օրինականության, հնարավոր վերահաշվարկների և նոր քվեարկության հեռանկարների մասին MediaHub-ը զրուցել է սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ ընտրական խախտումների մասին հանրային պատկերացումները հիմնականում սահմանափակվում են ձայների հաշվարկման փուլով, մինչդեռ ընտրությունների օրինականությունը պետք է գնահատել ամբողջ գործընթացի համատեքստում։

«Մեր հասարակությունը որպես ընտրախախտում առաջին հերթին դիտարկում է ձայների հաշվարկման մեխանիկական գործընթացը, որը ընտրական պրոցեսի վերջին փուլն է։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում նախընտրական քարոզարշավին։ Իսկ այդ մթնոլորտում իրականացված քարոզարշավի պայմաններում որևէ ընտրություն չէր կարող համարվել լիարժեք օրինական ու տրամաբանական։ Եթե մենք մեզ ժողովրդավարական պետություն ենք համարում, ապա ժողովրդի օբյեկտիվ կամքը կարող է արտահայտվել միայն հասարակական ներդաշնակության պայմաններում։ Մինչդեռ մենք ականատես եղանք թշնամանքի, ահաբեկման, փոխադարձ վիրավորանքների և ծրագրային քննարկումների բացակայության։ Այդ պայմաններում նույնիսկ եթե ԿԸՀ-ն զրոյական սխալներով ամփոփեր արդյունքները, միևնույն է, ընտրությունների լիարժեք օրինականության և ապագա խորհրդարանի լեգիտիմության մասին խոսելը դժվար կլիներ»,- ասաց նա։

Սահմանադրագետի խոսքով՝ տեխնիկական բնույթի ընտրախախտումները Հայաստանի ընտրական պատմության մեջ նոր երևույթ չեն։

«1996 թվականից սկսած նման կեղծիքները նորություն չեն։ Տեխնիկական առումով դրանք միշտ էլ եղել են։ Նորությունն այս անգամ նախընտրական քարոզչության մակարդակն էր, որը խայտառակ բնույթ ուներ։ Իսկ ԿԸՀ-ի կողմից արդյունքների ամփոփման մասով, կարելի է ասել, շարունակվել են նույն «լավագույն» ավանդույթները»,- նշեց Այվազյանը։

ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ երկու ընտրատեղամասերում արդյունքները ճանաչվել են անվավեր։ Հարցին՝ արդյոք օրենքը թույլ է տալիս այդ քաղաքացիների ձայները պարզապես չհաշվարկել, սահմանադրագետը պատասխանեց․ «Եթե տեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվում, ապա պարտադիր պետք է անցկացվի նոր քվեարկություն։ Եթե վերաքվեարկություն տեղի չունենա, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում։ Երկու տեղամասի դեպքում խոսքը միջին հաշվով շուրջ 4000 ընտրողի մասին է։ Եթե այդ քաղաքացիների համար նոր քվեարկություն չանցկացվի, փաստորեն, նրանք զրկվում են պետական իշխանության մարմինների ձևավորմանը մասնակցելու սահմանադրական իրավունքից։ Ընտրական օրենսգիրքն էլ հենց այդ պատճառով է նախատեսում կրկնաքվեարկություն այն տեղամասերում, որտեղ խախտումների ծավալը կարող էր էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ամբողջ հանրապետությունում նշանակվեն նոր ընտրություններ, Այվազյանը պատասխանեց, որ դրա համար անհրաժեշտ են շատ ավելի լայնածավալ հիմքեր։

«Հանրապետության մասշտաբով նոր ընտրությունների համար պետք է վերահաշվարկի և վիճարկված բոլոր տեղամասերի արդյունքների հանրագումարը էական ազդեցություն ունենա ընդհանուր արդյունքների վրա։ Միայն այդ դեպքում ընտրությունները կարող են ճանաչվել անվավեր և նշանակվել համապետական նոր ընտրություններ»,- ընդգծեց սահմանադրագետը։

Նա նաև համոզված է, որ այն քաղաքացիները, որոնց ձայները, փաստացի, դուրս են մնում հաշվարկից, կարող են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։ «Իհարկե կարող են դատի տալ։ Եթե քաղաքացին զրկվում է իր ընտրական իրավունքի իրացումից, ապա խոսքը սահմանադրական իրավունքի խախտման մասին է»,- նշեց Այվազյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրություններին՝ Այվազյանը բավականին թերահավատորեն վերաբերվեց հնարավոր դրական արդյունքներ ստանալուն։ «2021 թվականից հետո Սահմանադրական դատարանի կազմը էապես փոխվել է և համալրվել իշխանությանը մոտ կանգնած դատավորներով։ Այդ պայմաններում որևէ դրական արդյունք ակնկալելը, իմ կարծիքով, միամտություն կլինի»,- հայտնեց Այվազյանը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը չի ակնկալում նաև էական փոփոխություններ վերջնական հաշվարկների փուլում։ «Քվեարկության և ձայների հաշվարկման ընթացքը ցույց տվեց, որ իշխանությունը բավականին լուրջ է տրամադրված իր մանդատները ամեն գնով պահպանելու համար։ Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ չեմ տեսնում որևէ հիմք, որ վերջնական արդյունքներում էական փոփոխություններ լինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին, մասնավորապես, մանդատներ վերցնելու կամ հրաժարվելու հարցին, Այվազյանը նշեց, որ ընդդիմությունը ռազմավարական սխալներ է թույլ տվել դեռևս քարոզարշավի ընթացքում։

«Ընդդիմադիրների արմատական սխալը իշխանափոխության համար պայքարելն էր։ Ընդդիմադիրների հիմնական գործառույթը պետք է լիներ որակապես նոր պետականություն կերտելը։ Իսկ որակապես նոր քաղաքական համակարգի և պետականության մեջ գործող իշխանությունը բացարձակապես տեղ չուներ։ Նման ձևով պետություն չեն կառուցում. սա պետությունը քանդելու գործընթաց է։ Եթե նկատել եք, այդ երեք հիմնական ընդդիմադիր ուժերի և իշխանության փոխադարձ հրաձգությունն ու պայքարը բացառապես տեղի էին ունենում անձնական վիրավորանքների տիրույթում՝ առանց հայեցակարգային դրույթներ ներկայացնելու։ Ժողովրդին էլ գցեցին մոլորության մեջ, և ժողովուրդն էլ գնաց ու քվեարկեց այն ուժին, որն ավելի սուր էր հայհոյում, որն ավելի ցինիկ էր իրեն պահում։ Հիմա ես չգիտեմ, թե ինչ բանակցություններ են ընթանում, բայց, ըստ իս, ավելի արդյունավետ կլիներ, եթե մանդատներից հրաժարվեին հունիսի 8-ի առավոտյան, երբ արդեն հրապարակվել էին նախնական արդյունքները, և երբ ձայների 10%-ի հաշվարկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետ էր հռչակել։ Այն ժամանակ ժողովրդի մեջ կար զայրույթ և պայքարելու կամք, իսկ հիմա գործ ունենք հուսահատության հետ»,- եզրափակեց խոսքը սահմանադրագետը։

Ալիտա Եղիազարյան

Send