Նոր Սահմանադրության ընդունումը Նիկոլ Փաշինյանը համարում է խաղաղության վերջնական կնքման գրավական, իսկ դրա մերժումը ներկայացնում որպես պատերազմ։
Անկախ այդ հարցում քաղաքական ուժերի հայտարարություններից ու դիրքավորումներից՝ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով, այսինքն՝ դրա վերջնական ճակատագիրը կախված է ժողովրդի ընտրությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքները, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի նախկին վարկանիշը, և երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունները երբեք չեն եղել հասարակության լայն շերտերի հետաքրքրության կենտրոնում, ապա չի բացառվում, որ այն չստանա հանրության աջակցությունը, եթե իշխանությունները չդիմեն ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման ու օրենքի այլ խախտումների։
Հետևաբար ի՞նչ է ստացվում ըստ Նիկոլ Փաշինյանի. խաղաղության տերն ինքն է, պատերազմի պատասխանատուն՝ ժողովուրդը։ Եթե նոր Սահմանադրությունը չընդունվի ու դրան հաջորդի պատերազմ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, ապա դրա համար արդեն իշխանությունները գտել են մեղավորին՝ ժողովուրդն է։
Եթե առաջնորդվում ենք «խաղաղություն կամ պատերազմ» կանխավարկածով, ու դա պետք է որոշի ժողովուրդը, ապա առաջանում է տրամաբանական հարց. պե՞տք է մեզ արդյոք այնպիսի իշխանություն, որից ոչինչ կախված չէ։ Ինչո՞ւ ենք մենք մեր միջոցներից միլիոններ վճարում մարդկանց, որոնք ունակ չեն ապահովել մեր անվտանգությունը, չունեն դիվանագիտական հմտություններ ու քաղաքական գրագիտություն։ Ո՞ւմ են պետք այնպիսի իշխանությունները, որոնք պետության անվտանգությունը, խաղաղություն-պատերազմ դիլեման դնում են ժողովրդի ուսերին։
Եթե Նիկոլ Փաշինյանից ոչինչ կախված չէ, ու մենք ապրելու ենք խաղաղ, թե դուրս ենք գալու պատերազմի, պետք է որոշի քաղաքացին, ապա նրա փոխարեն կարող է լինել ցանկացած ոք, նրա փոխարեն կարող է լինել նույնիսկ մի ընտանի կենդանի կամ որևէ առարկա։ Միևնույնն է՝ երկուսն էլ ունակ չեն միջպետական հարաբերությունների, բանակցությունների ու այդ բանակցություններից շահեկան դուրս գալու։
Այսօրվա «բանակցությունների» ամբողջ տրամաբանությունն այն է, որ Ադրբեջանը պարտադրում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, այլապես խաղաղություն չի լինի. դե հիմա թող որոշի ժողովուրդը։ Նման տրամաբանությամբ բանակցություններ չեն լինում, այդպես լսողի ու փոխանցողի դերում Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող է լինել, օրինակ, դիկտաֆոն։ Ալիևը խոսի, դիկտաֆոնը ձայնագրի, որից հետո հանրաքվեով ազգովի կորոշենք։
Հետևաբար մեր միակ անհրաժեշտ կառույցը դառնում է ԿԸՀ-ն, որպեսզի կարողանա ճիշտ հաշվել, թե ի՞նչ ենք արդյունքում ուզում մենք՝ ընտրողներս՝ պատերա՞զ, թե՞ խաղաղություն։
Կարեն Կարապետյան

Русский