Ժողովրդական հայտնի ասացվածք կա. «Շանը շան մոտ կապես՝ կամ հաչել կսովորի, կամ կծել», կամ այս մեկը. «Ձին կապես էշի կողքին՝ եթե զռալ չսովորի, իշավարի քացի տալ կսովորի»։ Ո՞րն է այս ասացվածքների իմաստը. այն, որ ոչինչ այնքան վարակիչ չէ, որքան արատավոր երևույթը։ Ընդ որում, երբ գիտունին «կապում են» անգետի կողքին, շատ հաճախ ոչ թե անգետն է գիտելիքներ ձեռք բերում, այլ գիտունն է «վարակվում» տգիտությամբ։
Հիմա, կապ չունի, թե Սրբուհի Գալյանն ինչ է ավարտել ու բարձրագույն կրթության քանի վկայական ունի, կապ չունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, կապ չունի, թե ինչ գնահատական ունի սեփական անձի հանդեպ, նույնիսկ կապ չունի, երբ պատասխանելիս գլուխը դանդաղորեն թեքում է հարց տվողի կողմը, աչքերը նույն դանդաղությամբ բացուխուփ անում, բառերն արտաբերում կրկին դանդաղորեն՝ հավանաբար ներքուստ «զարմանալով», թե ինչպե՞ս են հասարակ մահկանացուները «համարձակվում» խոսել նորին մեծության հետ։ Կարևորն այն միջավայրն է, որտեղ մեր օրերի «կայսրուհին» աշխատում է, քանի որ որքան էլ մեծ լինի Կլեոպատրային նմանվելու ձգտումը, միջավայրը կարող է նրան վերածել փաշինյանական բառապաշարով արտահայտվող մի շարքային նախարարի։ Իսկ այն միջավայրը, որում աշխատում է տիկինը, հատկապես այն բառապաշարը, որը տիրապետող է այդտեղ, այնքան էլ մխիթարիչ չեն ու չեն նպաստում ազնվազարմ դառնալու իղձերին։
Բայց ինչևէ, այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով նոր Սահմանադրության հետ կապված ընդդիմության քննադատություններին, բառացիորեն ասաց, որ «գլուխները պատին են տալիս»։
Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, հարի՞ր է արդյոք նման պատասխանը նախարարին. վստահ եմ՝ ոչ։ Հարի՞ր է արդյոք նման բառապաշարը Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամին. կարծում եմ՝ այո։ Կարո՞ղ էր այլ կերպ լինել. գուցե։ Սակայն այդ դեպքում կմեծանար հավանականությունը, որ Սրբուհի Գալյանը կդադարեր նախարար լինելուց, նրան այլևս ոչ ոք հարց չէր տա, նա կկորցներ գլուխը դանդաղորեն թեքելով ու աչքերը դանդաղորեն բացուխուփ անելով տպավորություն թողնելու հնարավորությունը։
Սակայն կարող էր Սրբուհի Գալյանը չօգտագործել նման բառապաշար, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Իսկ այդ հանգամանքը նորից լավ արտահայտված է մեր ժողովրդական մեկ այլ ասացվածքում. «Ձուկը գլխից է հոտում»։
Ես իրոք հավատում եմ, որ Սրբուհի Գալյանը երբեք նման ձևով չէր արտահայտվի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հասցեին, եթե նախօրոք իր անմիջական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, չսպառնար ընդդիմադիրներին պատերին տալով, ասֆալտին փռելով, կզցնելով, ձեռքերը ջարդելով... Սրբուհի Գալյանը երբեք այդպես չէր արտահայտվի, եթե այսօր ԱԺ փոխնախագահը՝ Վահագն Ալեքսանյանը, աթոռով մեկ այլ պատգամավորի գլխին հարվածելու փորձ անելու համար գտնվեր իր նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Բայց քանի որ տիկին նախարարն աշխատում է նման միջավայրում, ապա ստիպված է տուրք տալ այն բարքերին, որոնք տիրապետող են այդտեղ։ Այնպես որ նրա արտահայտություններն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հասցեին ոչ միայն սպասելի էին, այլև ուշացած։
Կարեն Կարապետյան

Русский