Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե իշխանությունները պետք է հանրային ճնշում գեներացնեն ընդդիմության դեմ, որպեսզի վերջիններս կողմ արտահայտվեն Սահմանադրության փոփոխությանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ճնշման գեներացում շուրջ 500 հազար քաղաքացիների նկատմամբ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։
Ասվածն ամենևին չափազանցություն չէ, քանի որ քաղաքական միավորները՝ լինեն իշխանություն, թե ընդդիմություն, ունենում են աջակիցներ, ու այն հանգամանքը, որ անցյալ խորհրդարանական ընտրություններին ընդդիմությանը հավաքական առումով աջակցել է շուրջ 500 հազար քաղաքացի, նշանակում է, որ առնվազն այդքան մարդ չի կիսում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը։
Դասական առումով հանրային ճնշումները տեղի են ունենում փողոցում, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա։ Դրանք կարող են արտահայտվել հանրահավաքներով, երթերով կամ տարատեսակ ակցիաներով։ Իհարկե, ցանկացած քաղաքական միավոր իրավունք ունի օգտվել սահմանադրորեն թույլատրված գործիքակազմից, սակայն այլ բան է, երբ իշխանությունը փորձում է օգտագործել այն միջոցները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։
Եկեք պատկերացնենք դեպքերի զարգացման հետևյալ սցենարը, երբ իշխանությունը փողոց է գեներացնում, որպեսզի ընդդիմությանը ճնշի սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու համար, իսկ ընդդիմությունը նույն փողոցն է գեներացնում՝ իշխանության գործողությունները կանխելու նպատակով։
Արդյունքում մեր հասարակության երկու հատվածները փողոցում կանգնելու են դեմ հանդիման՝ որպես հակամարտության տարբեր կողմեր։ Ինչ խոսք, ավելորդ է նշելը, որ իշխանության կողմից գեներացված հատվածն ունենալու է զգալի առավելություն, քանի որ թիկունքում կանգնած են լինելու ոստիկանական ուժերը, դատարանները, իրավապահ բոլոր մարմինները, իսկ փողոցի այն հատվածը, որը դեմ է Սահմանադրության փոփոխությանը, ենթարկվելու է ճնշման արդեն ոչ միայն պատկան մարմինների, այլև իշխանության կողմից կազմակերպված ակցիաների մասնակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդրությունն ավելի վտանգավոր է, քան այն, երբ նա առաջարկում էր շրջապատել Ազգային ժողովը, իսկ ավելի ուշ՝ դատարանները։ Եթե վերջիններիս դեպքում նա ընդամենը տապալեց սահմանադրական կարգը, բայց քանի որ հանրությունը դեռևս գտնվում էր էյֆորիկ բարձր տրամադրությունների տակ, ու քաղաքացիական պատերազմի վտանգ չկար, ապա այս դեպքում բախման վտանգը շատ մեծ է։
Հետևաբար, ցավալի է տեսնել, որ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով Ադրբեջանի պահանջներին, պատրաստ են Հայաստանի ներսում բախումներ հրահրել ու շանտաժի ենթարկել սեփական քաղաքացիներին։ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը ոչ թե պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, այլ նախապայման է դնում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար, ընդամենը բառախաղ է։ Ցանկացած պայման, որն ունի վերջնագրի տեսք, արդեն պահանջ է
Ու հիմա Հայաստանի իշխանությունները պատրաստվում են այդ պահանջ-նախապայմանը կյանքի կոչել ցանկացած գնով։ Ըստ այդմ, աստիճանաբար ոչ արդիական է դառնում այն թեզը, թե Հայաստանի իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, որովհետև մեր առջև հառնում է մեկ այլ իրականություն, այն է՝ Հայաստանը վերջնականապես հայտնվում է Բաքվի տիրապետության տակ։
Կարեն Կարապետյան

Русский