Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները

Blog Image

Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և սոցիալական նպաստների անկանխիկ վճարման համակարգը։ Սա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք ունեն բանկային քարտեր, կկարողանան իրենց վճարումները ստանալ անմիջապես բանկային հաշվին։ Սակայն կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն եղել գնալ և լրացնել անհրաժեշտ դիմումը՝ բանկային քարտը ստանալու համար։ Նրանց փոխարեն նախարարությունը դա պետք է աներ ինքնաշխատ եղանակով, և մինչև ապրիլի 1-ը դրանք պետք է պատրաստ լինեին։

Այնուամենայնիվ, գործընթացը անհանգստություն է առաջացրել մի խումբ թոշակառուների շրջանում։ MediaHub-ին դիմած թոշակառուներից մեկը նշեց, որ դեռ չի ստացել իր բանկային քարտը և մտահոգված է, թե ինչպես է ստանալու իր հասանելիք գումարը։

Նա մեզ պատմեց, որ բանկում իրեն տեղեկացրել են՝ քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է սպասել ևս երկու օր՝ այն ակտիվացնելու համար, ինչից հետո միայն հնարավոր կլինի օգտվել փոխանցված գումարից։ Այս տեղեկությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել տարեցների շրջանում։

Հարցի վերաբերյալ MediaHub-ը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանին, վերջինս էլ նշեց, որ բանկային քարտերի տրամադրման գործընթացը շարունակվում է։

«Այն քաղաքացիների համար, ովքեր մինչև մարտի 5-ը չեն ներկայացրել համապատասխան դիմումը, բանկն ընտրվել է ավտոմատ եղանակով։ Գործընթացը շարունակվում է։ Այսինքն՝ բոլոր թոշակառուները կունենան քարտեր և կստանան իրենց թոշակը»,– հավելեց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը բխում է կառավարության փետրվարի 19-ի նիստում ընդունած որոշումից, ըստ որի՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները պետք է վճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։

Էմմա Մարտիրոսյան

Send