«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո ԱԺ պատգամավորի նրա մանդատը պետք է փոխանցվի դաշինքի ցուցակի հաջորդ համարում գրանցված անդամին։ Թադևոս Ավետիսյանին ցուցակով հաջորդում է Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ, Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը։ Նա էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։ Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձքաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»,- գրել է նա։
«Հայաստան» դաշինքի ցուցակով Հրաչուհի Միրզոյանին հաջորդում է ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։ MediaHub-ը հետաքրքրվեց նրանից՝ պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը թեկուզ երկու ամսվա համար, ինչին ի պատասխան նա ասաց, որ դեռ չի կողմնորոշվել, մտածում է վերցնել-չվերցնելու մասին և չի կարող մեզ հստակ պատասխան տալ։

Русский