Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Մարտին Յագերը նախազգուշացրել է այն վտանգի մասին, որ իր երկիրը կարող է ներքաշվել Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր զինված հակամարտության մեջ։
«Գերմանիան ռիսկի է դիմում ներքաշվել Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ», - հայտարարել է Յագերը Բունդեսթագի՝ գերմանական հետախուզական ծառայությունների գործունեությունը վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի տարեկան հրապարակային լսումների ժամանակ։
Յագերը ընդգծել է, որ իր գերատեսչությունը չի տեսնում որևէ նշան, որը կվկայեր Ռուսաստանի կողմից հարձակում ծրագրելու մասին, թեև նշել է, որ ՆԱՏՕ-ն «չի կարող իրեն թույլ տալ կորցնել զգոնությունը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ-ն մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, քանի որ դա անիմաստ կլիներ։ Պուտինը նշել էր, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական ենթադրյալ սպառնալիքով ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, սակայն «խելացի մարդիկ հիանալի հասկանում են, որ դա կեղծիք է»։

Русский