2025 թվականի հունվարից սկսած մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը Հայաստանի սննդամթերքի շուկայում արձանագրված գնաճը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հատել է ԿԲ-ի սահմանած գնաճի նպատակային ցուցանիշը՝ 3%-ը: Ամենամեծ գնաճն արձանագրվել է մսի, կաթնամթերքի և սուրճի շուկայում: Այդ ժամանակահատվածում գնաճը հասել է 5,8%-ի՝ ավելի սրելով երկրում առկա սոցիալական անհավասարությունը և խորացնելով աղքատությունը: Հիմնական գնաճը առաջին անհրաժեշտության պարենային շուկայում է և դա պայմանավորված է եղել տարբեր գործոններով՝ միջազգային շուկաներում արձանագրված գնաճով, սակայն մթերքների գների փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել է կառավարության կուտակած պետական պարտքը, որը ձգտում է հասնել 15 մլրդ դոլարի: Որքան ավելանում է պետական պարտքը, այնքան գնաճն ահագնանում է, քանի որ գների սահմանման ինդեքսում նաև այդ ցուցանիշն է հաշվարկվում:
Տնտեսական կանխատեսումները հուսադրող չեն նաև այս տարվա համար, քանի որ կառավարությունը չի թաքցնում պետական պարտքն ավելացնելու իր մտադրությունները: Իսկ դա իր մուլտիպլիկատիվ ազդեցությամբ նպաստելու է ազգային դրամի ավելի շատ արժեզրկմանը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2025 թվականի հունվարից հետո մինչև այս հունվար թանկացել են ալյուրն ու ձավարեղենը՝ 6,4 %-ով, հացի շուկայում գնաճը կազմել է 3,3%, մակարոնեղենի գինն ավելացել է 8,2%-ով, իսկ մսի շուկայում գնաճը հատել է 13%-ի սահմանը. տավարի և հորթի միսը թանկացել են 12,8%-ով, խոզի միսը՝ 13,1%-ով, գառան, ոչխարի միսը՝ 14,1%ով: Թռչնամսի շուկայում գնաճն ավելի մեղմ է՝ 4,5%, ինչը չի կարելի ասել ձկան մասին, մեկ տարվա ընթացքում ձուկը թանկացել է 13,7%-ով: Կաթնամթերքի շուկայում գնաճը կազմել է 8%՝ թարմ կաթը թանկացել է 5,4%-ով, յոգուրտը, մածունը՝ 7,8%, պանիրը, կաթնաշոռը 6,4%, կարագը` 7,3%-ով: Ոչ պակաս զգալի գնաճ կա նաև ձվի շուկայում. այն թանկացել է 11,7%-ով: Մարգարինի և այլ բուսական յուղերի գինն ավելացել է 9,5%-ով: Մեր հասարակության կողմից անհամեմատ շատ սիրված և օգտագործվող ըմպելիքի՝ սուճի շուկայում 9% գնաճ կա:
Թանկացել են նաև ալկոհոլային խմիչքները՝ 6,5%, ծխախոտը՝ 10,8%: Ի դեպ, գյուղատնտեսական շուկայում մրգերի 4,5% գնաճի դեպքում արձանագրվել է բանջարեղենի 2,9% գնանկում, ինչը որևէ տրամաբանության չի ենթարկվում:
Այս տարվա երկու ամիսների ընթացքում որոշ մթերքների համար գները շարունակում են սողալով վեր բարձրանալ՝ օրեցօր սպառողների դժգոհությունն ու խուճապն ավելացնելով: Օրինակ, անկայուն են ձվի, ծխախոտի, տավարի մսի գները:
Գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները շարունակում են մեծ մասամբ նույնը մնալ և վատթարացնում են մարդկանց կենսամակարդակը: Ստացվում է, որ կառավարությունը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել ու վերահսկել գոնե թե սննդամթերքի շուկայի գների կայունությունը, այլ նաև նպաստում է դրանց թանկացմանը չմտածված ու ոչ արդյունավետ ծախսերի միջոցով:
Ի դեպ, որոշ տնտեսագետներ ահազանգում են, որ թոշակառուներին ընտրություններից առաջ որպես ընտրակաշառք ընկալվող թոշակների բարձրացման հետևանքը գների հերթական կտրուկ աճին է հանգեցնելու, և մի կողմից Փաշինյանի նախաձեռնությունը կնպաստի թոշակների ավելացմանը, բայց մյուս կողմից նրանց ստացած վերջնական գումարն այնքան կարժեզրկվի անվերահսկելի գնաճի պատճառով, որ ըստ էության թոշակառուի կյանքն էապես չի փոխվի, նա կշարունակի սպառողական զամբյուղի նույն ծավալից օգտվել, ինչ մինչև թոշակի բարձրանալը: Բայց եթե գոնե թոշակառուների եկամուտներն ու գնաճն այս դեպքում կարող են հավասարակշռվել, ապա կայուն աշխատավարձ ստացողների սառնարանների պարունակությունը կշարունակի կրճատվել:
Թագուհի Ասլանյան

Русский