Հունիսի 7-ին կայացած համապետական ընտրություններից հետո երկրի քաղաքական կյանքում շարունակվում է անորոշությունը՝ ընտրողների ձայների սխալ հաշվարկով պայմանավորված։
Այս պահին դեռևս հստակ չէ, թե ընտրություններին մասնակցող քանի՞ ընդդիմադիր ուժ է հաղթահարել անցողիկ շեմը և խորհրդարան անցնելու հնարավորություն ստացել։
Վիճարկվում է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած ձայների քանակը։ ԿԸՀ-ն իրականությանը չհամապատասխանող թվեր է հրապարակել՝ կուսակցությանը զրկելով խորհրդարան անցնելու հնարավորությունից։ Սակայն ԲՀԿ-ի կատարած բացահայտումից հետո, որի համաձայն նրանց զգալի ձայներ ԿԸՀ-ն պարզապես չի հաշվարկել, որոշ դեպքերում էլ նրանց ստացած ձայներն այլ քաղաքական ուժերի են վերագրվել, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ձայները կվերահաշվարկվեն և ընտրության արդյունքների վերջնական տվյալները կհրապարակվեն հունիսի 14-ին։
Իսկ մինչ այդ քաղաքական դաշտում քննարկվում է՝ կվեցնի՞ արդյոք ընտրված ընդդիմությունը իր քվեները և կգնա՞ խորհրդարան՝ իշխանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով։ Իշխանության հակազգային ծրագրերին խոչընդոտելու ի՞նչ հնարավորություն կունենա խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վերցնելու դեպքում, արդյո՞ք արժե վերցնել մանդատները, թե թույլ տալ, որ ՔՊ-ն միանձնյա ձևավորի խորհրդարան և ոչ լեգիտիմ լինի։ Այս հարցերի մասին MediaHub-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։
.jpg)
-Պարոն Պողոսյան, եթե հարցը դիտարկենք իրավական հարթության մեջ, ինչ կլինի, եթե ընտրված ուժերը հրաժարվեն մանդատներից։
-Իրավական առումով եթե բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք հաղթահարել են անցողիկ շեմերը, հրաժարվեն մանդատներից, ապա ըստ այսօր գործող ընտրական օրենսգրքի՝ այդ տեղերը որևէ մեկով չեն լրացվելու, թափուր են մնալու և վերջնարդյունքում խորհրդարանը 61 պատգամավորից բաղկացած կլինի և չի ունենա բավարար լեգիտիմության աստիճան։ Այսինքն՝ չի կարողանա սահմանադրական որևէ փոփոխություն կատարել, նոր Սահմանդրություն ընդունել՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ որոշում կայացնել և այդ նախագիծը դնել հանրաքվեի։ Իրենց այդ մտադրությունն իրականացնելու համար պատգամավորների 2/3-ի ձայնն է հարկավոր։ Եթե իշխանությունն ուզում է նոր Սահմանադրություն ընդունել, դա չի կարողանալու անել՝ առանց խորհրդարանական ընդդիմության համաձայնության և աջակցության։
Քանի որ ՔՊ-ն չունի նաև ձայների 3/5-րդ մեծամասնություն, չի կարող սահմանադրական որևէ օրենքում փոփոխություն կատարել, օրինակ՝ ընտրական, դատական օրենսգրքերում, հանրաքվեի մասին օրենքում և այլն։ ՔՊ-ն միանձնյա չի կարող բազմաթիվ պաշտոնատար անձանց ընտրել, քանի որ Սահմանադրությամբ նրանք կարող են ընտրվել միայն ձայների 3/5 մեծամասնությամբ։ Խոսքը սահմանդրական, վճռաբեկ դատարանների դատավորների, ԲԴԽ անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, գլխավոր դատախազի, ԿԸՀ անդամների, ՄԻՊ-ի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, հաշվեքննիչ պալատի անդամների մասին է և նման պաշտոնների։ Այդպիսի խորհրդարանը, բնականաբար կլինի, աղճատված և կաշկանդված։ Սա՝ իրավական տեսանկյունից։
Քաղաքական տեսանկյունից՝ կարծում եմ, որ իշխող կուսակցությունը, կառավարությունը զարտուղի ճանապարհներ է գտնելու թափուր թողնված մանդատներն իրենց համար հաճո պատգամավորներով համալրելու համար։ Նախորդ փորձառությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի համար Սահմանադրությունը և օրենքը չի կարող սահմանափակում լինել իր մտադրություններն իրականացնելու համար։ Դա հաշվի առնելով՝ ճիշտ կլինի, որ ընտրված ընդդիմադիր ուժերը վերցնեն իրենց մանդատներն ու խորհրդարանական ճանապարհով պայքարեն այսօրվա իշխանությունների դեմ։ Այս առումով ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում ձևական չի լինի և իրենք պայքարելու բազմաթիվ լծակներ կունենան։ Նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնքան անհավասար չի լինի, որքան այսօր գործող խորհրդարանում է։
-Ձեր ներկայացրած խորհրդարանը՝ ՔՊ-ի ունեցած որոշակի սահմանափակ իրավունքներով, կձևավորվի այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ևս հաղթահարի անցողիկ շեմը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ին հակակշիռ միայն «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքները մնան՝ իրենց ստացած քվեներով։
-Եթե ԲՀԿ-ն կարողանա հասնել իրենից գողացված ձայների վերականգնմանը և հաղթահարի անցողիկ շեմը, իրեն հասանելիք հինգ մանդատը վերցնի, ապա ՔՊ-ն կունենա միայն 61 ձայն։ Ձայների 3/5-րդ մեծամասնություն ունենալու համար իշխող կուսակցությանը 64 մանդատ է հարկավոր։ Եթե այնուամենայնիվ ԲՀԿ-ն չհաղթահարի անցողիկ շեմը, ՔՊ-ն կունենա այդ 3/5-րդ մեծամասնությունը։ Այդ դեպքում պաշտոնատար անձանց նշանակման հարցում կաշկանդված չի լինի, բայց Սահմանադրության ընդունման, փոփոխության, հանրաքվե անցկացնելու հարցում իրենք պետք է ընդդիմության հետ բանակցեն։
Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Русский