Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Հացադուլը, Վեհափառն ու նրա գրպանի մի քանի տանձը. պատմություն կերտողները

Պատմական դիպված. 1 րոպե 15 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որի ետևում մի ամբողջ պատմություն կա՝  քաղաքական, ազգային, մարդկային պատմություն՝ կամքի, անձնազոհության,  երազանքի, բարության ու հոգատարության մասին։

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը 1990 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հացադուլ է սկսում ու պատճառների մասին նամակով տեղեկացնում ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին՝ հետևյալ պահանջով. «Վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավական-վարչական մարմինները և նրա սահմանադրական իրավունքները։
Արցախը կարող է արժանանալ Նախիջևանի ճակատագրին, հայաթափվել ու բռնակցվել Ադրբեջանին»։ 

Զորի Բալայանին են միանում ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը:


Զորի Բալայանը հետո պատմել է, որ սեպտեմբերի 29-ին բացվել է հյուրանոցի իրենց սենյակի դուռը, ու նրանք շեմին տեսել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառին՝ հենված գավազանի վրա։ 


Վեհափառը ասել է՝ եկել եմ Վիկտոր Համբարձումյանին փոխարինելու. հայացքն ուղղել է ակադեմիկոսի դատարկ մահճակալին։ 


«Ես ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ, այլև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ինչպես և դուք: Եվ ահա որոշեցի զբաղեցնել հիվանդացած Վիկտոր Համբարձումյանի տեղը: Համենայն դեպս, առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին»,-ասել է Վեհափառը։


Արցախի համար պայքարի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի դիմած մտավորականներն ընկրկել են։ 


Նրանք թույլ չէին տա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես հացադուլ աներ։ Երկար աղերսել են Կաթողիկոսին, որ նման բան չանի, բայց նա անդրդվելի էր։ Վերջապես հացադուլավորներն ընկրկել են։

Վեհափառը հենց այդ պահին սքեմի գրպանից հանել է մի քանի տանձ ու տվել 21 օր ոչինչ չկերած մտավորականներին։


Տեսանյութում հենց այդ րոպերեն են նկարահանված։ Հյուրանոցի համարում եղել են նաև լրագրողներ։


Նույն պահին Վեհափառը զանգահարել է Արցախ ու ավետել լուրը՝ հացադուլը դադարեցված է։ 

Մոսկվայում, 1990 թվականի սեպտեմբերի 9-29-ին հայտարարված հացադուլի շնորհիվ վերականգնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավական-վարչական մարմինները և նրա սահմանադրական իրավունքները, ինչը կարևոր նշանակություն ունեցավ հետագայում Արցախի ինքնորոշման հարցում:

Send