Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 22:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ։
Նուբարաշենում ավտոբուսը հետընթաց է կատարել և հայտնվել ձորում։
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով MediaHub-ը զրուցել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ։ Նրա խոսքով՝ ավտոբուսը արդեն հասել էր վերջնակետ, և բարեբախտաբար ներսում ուղևորներ չեն եղել։ Այդ պահին վարորդը ավտոբուսում չի գտնվել, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում մեքենան սկսել է հետընթաց շարժվել։ Հաշվի առնելով տեղանքի ճանապարհի թեքությունը՝ ավտոբուսը արագություն է հավաքել, ինչի ընթացքում վարորդը փորձել է հասնել և կանգնեցնել այն։
«Դրա հետևանքով վարորդը ընկել է, ստացել է քերծվածքներ և կողոսկրի վնասվածք»,- նշել է Ասատրյանը։
Նրա խոսքով՝ վարորդը բուժօգնություն է ստացել բժշկական կենտրոնում և արդեն տեղափոխվել է տուն։
Էմմա Մարտիրոսյան

Русский