Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանում «պետական հեղաշրջում» է սկսվել

Blog Image

Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը հայտնել է երկրի կառավարության կողմից հեղաշրջման փորձի մասին։

Երկրի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը, ով միաժամանակ զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, միջնորդություն է ներկայացրել՝ Սահմանադրական տրիբունալի նախագահ Բոգդան Շվենչկովսկու և նրա տեղակալ Բարտոշ Սոխանսկու դատական անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ (երկուսն էլ նշանակվել են նախորդ կառավարության օրոք, որը ղեկավարում էր աջակողմյան «Օրենք և արդարություն» կուսակցությունը)՝ նպատակ ունենալով հետագայում նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

«Այս տրիբունալը վերածվել է մասնավոր սեփականության. մենք պետք է վերականգնենք դրա պատշաճ գործունեությունը», — Ժուրեկի խոսքերն է մեջբերել AFP գործակալությունը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սահմանադրական տրիբունալի ամենաերկար պաշտոնավարած դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան ժամանակավորապես հեռացրել է Բոգդան Շվենչկովսկուն պարտականությունների կատարումից ու ստանձնել տրիբունալի ղեկավարումը։

Ի նշան այս որոշման դեմ բողոքի՝ մարդիկ սկսել են հավաքվել տրիբունալի շենքի մոտ։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ են տեղակայվել՝ թույլ չտալու նրանց մուտքը շենք։ Որոշ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները։ Ըստ ոստիկանության՝ երեք անձ ձերբակալվել է տրիբունալի համալիր մուտք գործելու փորձ կատարելիս։

Լեհաստանի բարձրագույն դատական մարմնի՝ Սահմանադրական տրիբունալի շուրջ քաղաքական դիմակայությունը սրվել է այն բանից հետո, երբ կառավարությունը փորձել է հեռացնել երկու բարձրաստիճան դատավորների և քրեական վարույթ սկսել նրանց նկատմամբ։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ շաբաթ օրը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական բոլոր կուսակցությունների հետ՝ «քաղաքական իրավիճակը կայունացնելու և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ 

Սահմանադրական տրիբունալը հայտարարել է, որ այն երկու դատավորները, որոնց կառավարությունը մտադիր է ենթարկել պատասխանատվության, շարունակում են մնալ հաստատության՝ օրինական կարգով նշանակված ավագ դատավորներ։ «Այս գործողություններին մասնակից բոլոր անձինք հանցանք են կատարում՝ պետական հեղաշրջում»,— ասվում է տրիբունալի հայտարարության մեջ։

Դատական բարեփոխումների շուրջ ծավալված հակամարտությունը շարունակվում է դեռևս 2023 թվականից։ Վարչապետ Դոնալդ Տուսկը փորձում է արմատապես վերափոխել դատական համակարգը, ինչին դեմ է արտահայտվում նախագահ Կարել Նավրոցկին։

Այսօր Տուսկը՝ ոստիկանության աջակցությամբ, արգելափակել է Սահմանադրական տրիբունալի շենքը և հայտարարել, որ կասեցնում է դրա նախագահ Բոգդան Շվենչկովսկու և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկու լիազորությունները։

Նախագահ Նավրոցկին ընդհատել է իր արտասահմանյան այցը և վերադարձել Վարշավա․ այժմ նա ճանապարհին է՝ հանդիպելու Սահմանադրական տրիբունալի նախագահի հետ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ վարչապետ Տուսկը մտադիր է հեռացնել Լեհաստանի նախագահին իշխանությունից։ Հակամարտությունը սրվել էր դեռ այս գարնանը, երբ խորհրդարանն ընտրեց վեց դատավորի, սակայն Նավրոցկին հաստատեց միայն երկուսին՝ փաստացի թույլ չտալով Տուսկի դաշնակիցներին ստանձնել պաշտոնները։

Նավրոցկին արտահերթ հանդիպում է հրավիրել Լեհաստանի բոլոր քաղաքական խմբակցությունների հետ և կոչ արել ուժային կառույցներին դուրս գալ Տրիբունալի տարածքից ու վերականգնել օրինականությունը։ Գիշերը նախագահին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան և մուտք գործել Տրիբունալի շենք, սակայն այս առավոտ նա գաղտնի դուրս է եկել հետնամուտքով։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը պահանջել է, որ վարչապետ Դոնալդ Տուսկը ենթարկվի թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվության։

 

Ցուցարարները հրաժարվել են շենքը գրոհելու մտադրությունից և սկսել են ցրվել։

Send