Ողբալի է ու մարդկայնորեն խիստ ցավալի մեր ներկայիս պաշտոնյաների վիճակը, նույնիսկ նրանց, որոնք ուղղակիորեն կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին՝ նույնիսկ նրանց վիճակն է անտանելի, որոնց վրա օրենքով Նիկոլ Փաշինյանը ազդեցություն գործելու, ճնշելու կամ աշխատանքից ազատելու որևէ իրավունք չունի, ինչպես դատավորները։ Սակայն այլ բան են օրենքները, այլ բան՝ միահեծան բռնապետություն հաստատելու ձգտումը։ Նման պայմաններում մարդիկ կանգնում են երկընտրանքի առջև․ կա՛մ հայտնվել Նիկոլ Փաշինյանի պատժիչ մեքենայի ճիրաններում, քանի որ վերջինիս հրահանգնելը չկատարելը չի ավարտվում միայն աշխատանքից զրկվելով, այլ սպառնում է քրեական հետապնդման հեռանկարով, կա՛մ արժանանալ հասարակության պարսավանքին, անհաշտ լինել խղճի հետ, որոշ դեպքերում էլ ընկնել մեղքի տակ ու արժանանալ Աստծո զայրույթին։
Եվ ահա նման պայմաններում են աշխատում ՀՀ դատավորները, որոնցից ոմանք անդառնալիորեն հատում են կարմիր գծերը, ոմանք՝ փորձում դիմադրել, որքան հնարավոր է։ Այս շրջապտույտում անպայման հայտնվում է մեկը, որի համար Փաշինյանի կարգադրությունները վեր են լինում մարդկային ու աստվածային օրենքներից, բարոյականության նորմերից, ու արդյունքում Փաշինյանին հաջողվում է տոնել իր պյուռոսյան հաղթանակը։
Ջեկ Լոնդոնն իր պատմվածքներից մեկում նկարագրում է ցածր աշխատավարձի պատճառներից մեկը։ Ասում է. «Երբ գործարանատերը բանվորին վճարում է օրը 5 դոլար, անպայման հայտնվում է մեկը, որը պատրաստ է այդ աշխատանքը կատարել 4 դոլարով, հետո գալիս է մեկ ուրիշը, որը ցանկություն է հայտնում աշխատել օրական 3 դոլարով, ու այդպիսով մարդիկ իրենց ձեռքով աշխատավարձը հասցնում են նվազագույնի։ Հիմա ո՞վ է մեղավոր, միայն գործարանատե՞րը, թե՞ նաև բանվորները, որոնք աշխատավարձն իջեցնում են այնքան, որ ավելի ցածր վարձատրվելը պարզապես հավասարվում է անվճար աշխատելուն»։
Նույնն էլ այս պարագայում է. ո՞վ է մեղավոր, միայն Նիկոլ Փաշինյա՞նը, որի համար գոյություն չունեն ոչ մի կարմիր գծեր, թե՞ նաև այն մարդիկ, որոնք Փաշինյանի ձեռքին դառնում են այն ջնջոցը, որոնց միջոցով էլ նա վերացնում է այդ գծերը։ Ո՞վ է մեղավոր, միայն Նիկոլ Փաշինյա՞նը, որը հանուն իր քաղաքական շահերի հետապնդում է բոլորին, թե՞ նաև այն դատավորները, որոնք հանուն աշխատավարձի կարդում են նախօրոք իրենց հրամցված կալանքի վճիռները։
Բացառություն չէ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում, թեպետ դա աննախադեպ է այն առումով, որ 1938 թվականից այս կողմ, երբ Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսը, ըստ լուրերի, ԿԳԲ-ի գործակալների կողմից խեղդամահ արվեց իր բնակարանում, Հայոց Հայրապետներից ոչ ոք իշխանությունների հարձակման թիրախ չէր դարձել։
Երեկ՝ օգոստոսի 7-ին, Վեհափառի ու 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստին ինքնաբացարկ հայտնած դատավորին կարելի է հասկանալ։ Անկախ ինքնաբացարկի պատճառներից, մարդկայնորեն կարելի է հասկանալ նրան։ Հեշտ չէ դատել Վեհափառին, հեշտ չէ դեմ առ դեմ կանգնել նրան ու փորձել մեղավոր հռչակել։ Դատավորը նույնպես մարդ է, նույնպես կարող է վախ ունենալ Աստծո նկատմամբ։ Չի բացառվում, որ դրանից հետո յուրաքանչյուր փռշտոց, որն ընդամենը լինի մրսածության հետևանք, մարդը վերագրի Աստծո զայրույթին ու հետագա կյանքն ապրի վախով ու անեծքի գիտակցությամբ։
Օրինակ՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի փոխարեն ժամանակին եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, որը բոլշևիկների կողմից քանդվեց, և նրա ավերակների վրա կառուցվեց ներկայիս դպրոցը։ Մեզ հասած խոսակցությունների համաձայն՝ եկեղեցին քանդող բանվորներից գրեթե ոչ ոք չի մահացել իր մահով ու համարյա բոլորը դրանից հետո ունեցել են շատ դժբախտ ճակատագիր։ Իհարկե, որոշում կայացնողներն իրենք չէին, այլ սոսկ կատարողն էին, սակայն Աստծո զայրույթից չխուսափեցին նաև «գործիքները»։
Հայաստանի ներկայիս դատավորները նույնպես համարյա այդ դրության մեջ են, որովհետև իրենք թեպետ գործիք են Փաշինյանի ձեռքին, բայց, այնուամենայնիվ, այլ բան է ապօրինաբար դատել քաղաքական գործիչներին, այլ բան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Բայց ինչպես Ջեկ Լոնդոնի պարագայում, այնպես էլ հիմա, արդյունքում անպայման կգտնվի մի դատավոր, որը կանտեսի բարոյականության ցանկացած նորմ, ինքն իրեն նախօրոք հանգստացնելու համար կհռչակվի աթեիստ ու կկատարի Փաշինյանի հրահանգը։ Անպայման կգտնվի մեկը, որը կստանձնի կատարել այն քստմնելի հանձնարարությունը, որից խուսափում է քիչ թե շատ նորմալ ցանկացած մարդ։
Միայն մի բան կարող է կասեցնել զարգացման նման սցենարը։ Անհրաժեշտ է հանրային մեծ ճնշում, դժգոհության այնպիսի ալիք, որ եթե նորօրյա «Հուդան» չվախենա Աստծուց, համենայնդեպս վախենա հանրությունից։
Կարեն Կարապետյան

Русский