Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Հուզիչ է տեսնելը, թե ինչպես են իշխանությունն ու ընդդիմությունը համերաշխորեն կիսում խորհրդարանը, իսկը ինչպես Պանիկովսկին կկիսեր փողերը՝ «Ոսկե հորթը ֆիլմում»

Blog Image

2026 թվականի խորհրդարանը կարծես մտնում է «հեքիաթային» փուլ, իսկ հնարավոր հետընտրական զարգացումներն ավարտվում՝ «երկնքից ընկավ երեք խնձոր» տրամաբանությամբ։ Խնձորներից մեկը բաժին հասավ ընդդիմությանը, որը ստացավ այդքան բաղձալի մանդատները, մյուսը՝ իշխանությանը, որը, ըստ ամենայնի, վերջապես ունենալու է իր երազանքների ընդդիմությունը, երրորդ խնձորի տերն էլ դարձավ բացառապես ՔՊ-ական ընտրազանգվածը։ Դատելով այն սցենարից, որն այս օրերին ուրվագծվում է մեր աջքի առջև, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները հերթական անգամ մնալու են առանց խնձորի։

Մարդ ուղղակի զմայլվում է՝ տեսնելով, թե ինչ համերաշխությամբ, ինչպես իրար աջակցելով, «իրար օգնենք, որ չհոգնենք» ինչպիսի հոգատարությամբ են իշխանությունն ու ընդդիմությունը կիսում Ազգային ժողովը։ Իսկը ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում, երբ Պանիկովսկին կիսում էր փողերը. «Սա՝ ինձ, սրա նրան, սա՝ Օստապ Իբրահիմովիչին, սա՝ ինձ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին...բա Կոզլևի՞չին»։ Ի դեպ, Կոզլևիչն այդ խմբում ամենաազնիվն էր, որը միայն երազում էր, որ իր մեքենան՝ «Լորեն-Դիտրիխ»-ը, սարքին լինի։

Դատելով ընդդիմության նախընտրական հռետորաբանությունից՝ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Հայաստան չէր լինելու, Հայաստանը վերածվելու էր թուրքական վիլայեթի, 300 հազար ադրբեջանցիները մուտք էին գործելու Հայաստան։ Սա այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթեր։ Սակայն նա միանշանակ չէր վերարտադրվելու, նրա հաղթանակի հնարավոր տարբերակը նույնիսկ չէր էլ քննարկվում, ունեինք ՀՀ այլ վարչապետ, տեղի էին ունենում հաջորդ կառավարության նիստերը, մենք էլ այդ նիստերին հետևում էինք ու ուրախանում, թե ինչպիսի Հայաստանում ենք ապրելու ընդամենը մեկ ամիս հետո։ Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու...հունիսի 8-ին արթնացանք՝ տեսնելով, որ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ՀՀ վարչապետ։

Իհարկե, ոչ ոք չի ասում, որ քաղաքական գործընթացը, որը ձեռնարկել էր ընդդիմությունը, անպայման պետք է պսակվեր հաջողությամբ։ Քաղաքականության մեջ միանշանակ կարող են արձանագրվել նաև պարտություններ, կարող են գրանցվել հետընթացներ, սակայն ո՞ւր է այն հռետորաբանությունը, որի համար ընդդիմությունը ստացել էր խորհրդարանական շեմը հաղթահարելու անհրաժեշտ քվեները։ Ինչի՞ են ականատես լինում այն ընտրողները, որոնք հավատում էին ու հույս ունեին, որ հունիսի 8-ին էկրաններից մեզ ողջունելու է հաջորդ վարչապետը։

Օստապ Իբրահիմովիչը միանշանակ ստացավ իր բաժինն ու չսպասեց նույնիսկ լույսը բացվելուն ու հենց գիշերը ազդարարեց իր հաղթանակի մասին։ Այսօր իրենց բաժինն են ստանում նաև Պանիկովսկին ու Բալագանովը։ Իսկ ի՞նչ ստացավ Կոզլևի՞չը, որն ընդամենն ուզում էր ունենալ հայրենիք, որի հիմքում ազգային արժեքներն են, պետություն, որի քաղաքականությունը չի թելադրվում Ալիևի կողմից, տարածքներ, որոնք չեն գտնվում Ադրբեջանի տիրապետության տակ, Եկեղեցի, որի առաջնորդը չի հալածվում իշխանության կողմից... ու այդ ամենը նրան խոստացել էր ու շարունակում է խոստանալ ընդդիմությունը։

Բնականաբար, այդ ամենին հասնելը հեշտ չէ ու մանկամտություն էր կարծելը, որ ընդդիմությունը կարող էր արագ գեներացնել փողոց, դուրս գալ պայքարի ու զուգորդելով խորհրդարանում ունեցած մանդատներով, հասնել իշխանափոխության։ Բայց նմա՞ն ջերմություն, նմա՞ն «գործընկերություն», Ռուբինյանի առաջարկից գրեթե մեկ օր անց նմա՞ն «բարեվարքություն»։

Կոչ չեմ անում վեճերի ու հայհոյանքների, պարզապես ուզում եմ, որպեսզի ընդդիմությունը ոչ թե շեշտի, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում խմել էր, այլ չմոռանա իր նախընտրական խոսքի մասին։ Եթե կարծում էին, որ հունիսի 7-ից հետո, իրենց չհաղթելու դեպքում, Հայաստան այլևս չի լինելու, ապա մատնանշի այն գործոնները, որոնք մեզ տանում են պետականության կորստի։ Եթե կարծում էր, որ մենք վերածվելու ենք թուրքական վիլայթեի, թող ոչ թե քննարկի Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը, այլ խոսի այն նախադրյալների մասին, որոնք մեզ դնում են թուրք-ադրբեջանական շահերի սեղանին։ Եթե կարծում էր, որ 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան անխուսափելի է, թող ոչ թե խոսի նրանից, որ ինչ-որ պահի ՔՊ-ականների թիվը խորհրդարանում էլ ավելի է քչանալու, այլ հստակ ապացուցի այդ վտանգի իրականությունը։

Ու վերջնապանապես վերադառնա իր գլխավոր օրակագին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն։ Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ բայց ինչպե՞ս։ Ես չգիտեմ այս իրավիճակում ինչպես ու այդ հարցի հասցեատերը ես չեմ ու չիմանալով հանդերձ, հայտ չեմ ներկայացրել նրան հեռացնելու, այլ ձայնս տվել են այն ուժերին, որոնք խոստացել են ու հավատացրել, որ իրենք կարող են՝ ենթադրելով, որ իրենք գիտեն ինչպես։ Դե եթե գիտեն, թող անեն։

Կարեն Կարապետյան

Send