Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն ի՞նչ է թաքցնում. ՍԱՏՄ-ը հերքո՞ւմ է Փաշինյանին, թե՞ կոծկում է, որ հայկական արտադրանքը վտանգավոր է

Blog Image

Դեպի Ռուսաստան հայկական արտադրության ապրանքների արտահանման հետ կապված սահմանափակումները ավելի ու ավելի մեծ ծավալներ են ստանում։

Ամեն ինչ սկսվեց Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի նկատմամբ Ռուսաստանում անբարեհաճ վերաբերմունքից, փաստացի արտադրողը զրկվեց արտահանման լիցենզիայից։

Կարճ ժամանակ հետո աղմուկ բարձրացավ արդեն «Ջերմուկ գրուպ» ընկերության շուրջ։ Տարիներ առաջ ընկերության արտադրած «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը, ըստ որի՝ դրանում առկա քացախաթթվի պատճառով ՌԴ քաղաքացի էր մահացել, վերաբացվեց, Ռուսաստան արտահանվող «Ջերմուկը» փորձաքննության ենթարկելուց հետո որոշ խմբաքանակի արտահանման վրա արգելք դրվեց և ի վերջո մայիսի վերջին ընդհանրապես ժամանակավորապես կասեցվեց «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը։ ՌԴ սննդամթերքի անվտանգության մարմինների պնդմամբ՝ ստուգումների արդյունքում ջրի մեջ հայտնաբերվել են հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցումներ, ինչպես նաև անհամապատասխանություններ մակնշման պահանջներին։ Ավելին՝ «Ռոսսելխոզնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններին, ինչը կարող է հանգեցնել նաև ԵԱՏՄ այլ երկրներ հանքային ջրի ներմուծման հետ կապված սահմանափակումների կամ արգելքների։

Նշենք, որ նման սահմանափակումների են ենթարկվել նաև հայ ֆերմերներն ու ծաղկաբույծները, քանի որ մասնավորապես հայկական լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի, ինչպես նաև ձկան համար մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու՝ նորից ստուգումների արդյունքում հայտնաբերված չափորոշիչային անհամապատասխանությունների, ֆիտոսանիտարական նորմերի խախտումների պատրվակով։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանում հայկական արտադրանքի նկատմամբ վերջին ժամանակահատվածում ցուցաբերվող վերաբերմունքին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե նման վիճակները նոր չեն, նախկինում ևս ժամանակ առ ժամանակ այդպիսի սահմանափակումներ են կիրառվել, ինչը նրա գնահատմամբ՝ բացառապես կապված է արտահանվող ապրանքի ԵԱՏՄ չափորոշիչներին չհամանապատասխանելու հետ։

Փաշինյան այդպես էլ չի խոստովանում, որ ՌԴ սահմանափակումներն ու խստացումները իրականում քաղաքական դրսևորումներ են և որևէ կապ չունեն դրանց որակի, չափորոշիչներին չհամապատասխանելու հետ։ Այլապես ինչո՞ւ ռուսական խստացումները սկսվեցին այն բանից հետո, երբ Երևանում անցկացվեց ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին հնարավորություն էր տրվել մասնակցելու նաև Ուկրաինայի ղեկավարին ու հայկական ամբիոնից հակառուսական, Ռուսաստանին սպառնացող հայտարարություններ անել։ Արձաքանգելով Հայաստանից ու Ռուսաստանից հնչող պարսավանքին, որ ՌԴ-ի հետ նույն տնտեսական հովանու տակ գտնվող Հայաստանը չպետք է նման քայլի գնար՝ Փաշինյանը անհեռանկարային հայտարարություն արեց, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չէ։

Գործընկերությունը չի կարող կիսատ-պռատ լինել։ Չես կարող որևէ ընկերության տնօրեն լինելով՝ այլ ընկերության տնօրենի հետ գործընկեր լինել ու նրա լուծարմանը ձգտող այլ ընկերության ղեկավարի հետ գործընկեր դառնալ։ Տրամաբանական է ու սպասելի, որ Ռուսաստանը որևէ ձևով պետք է արձագանքեր դրան, ինչը չուշացավ։ Եվ այդ արձագանքը շատ հստակ ուղերձներ է պարունակում՝ կամ դու մնում ես մեր գործընկերն ու դադարում ես այդ գործընկերությանը վնասող խաղեր տալ, կամ այդ անհասկանալի գործընկերությանը վերջ է դրվում։

Չի կարող Փաշինյանն այդ ամենը չհասկանալ, բայց նախընտրական շրջանում նրան ամենևին ձեռնտու չէ խոստովանել, որ իր ապիկար արտաքին քաղաքականության հետևանքով հայ ֆերմերներն ու արտադրողները զրկվելու են այլ շուկաներ ապրանքն արտահանելու հնարավորությունից, որովհետև հիմնական ռուսական շուկան փակելու է իրենց առաջ դռները՝ հորդորելով նույնն անել նաև ԵԱՏՄ մյուս երկրներին, իսկ այլընտրանքային շուկաներ այդպես էլ չի կարողանալու ստեղծել, ձեռնտու չէ խոստովանել, որ Ռուսաստանի կողմից գազի պայմանագրի չեղարկման արդյունքում Հայաստանն այլևս արտոնյալ գնով չի կարողանալու գազ գնել ու սպառել և այդ վառելիքի թանկացման հետևանքով էլ ավելի է սրվելու աղքատությունը երկրում, սոցիալական դժգոհությունը հասնելու է գագաթնակետին։

Փոխարենը նա անվտանգության բարձիկներ է փորձում կիրառել՝ պոպուլիստական ու անիրատեսական հայտարարություններով։ Եվ աշխատում է դրանք հնարավորինս բարձր տոնով ու լուրջ դեմքով անել, որպեսզի մտավոր լուրջ ունակություններ չունեցող քաղաքացիները վստահեն նրան ու նորից խաբվեն սին խոստումներին։ Օրինակ՝ ասում է, թե գազի գինը թանկանալու դեպքում, միևնույն է, Հայաստանում այնքան գումար է լինելու, որ թանկացումը չի զգացվելու, ասում է, թե Հայաստանը սեփական էլեկտրաէներգիան է ունենալու ու դառնալու է էներգետիկ ինքնաբավ երկիր՝ արևային ռեսուրսի օգտագործման շնորհիվ, հայտարարում է, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար և այդ ճանապարհով կարելի է գյուղմթերքները հասցնել այլընտրանքային շուկաներ։  Իսկ այդ պոպուլիստական հայտարարությունների հետևում դառը ճշմարտությունն է, որ Հայաստանում աղքատությունը ոչ միայն չի վերացել, ինչպես ՔՊ վարչախումբն է հայտարարում, այլ ավելի է ահագնացել։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հավաստմամբ՝ այն 40 տոկոսի է հասել, ինչը չի արտացոլվում վիճակագրական նկարած ցուցանիշներում։ Որևէ մեկը հարց հնչեցրե՞լ է վարչապետին՝ տասնյակ տարիներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից օգտվող Եվրոպան ինչո՞ւ ռուսական գազը թանկանալուց հետո չկարողացավ պահպանել իր էներգետիկ ինքնաբավությունը, և շատ խոշոր արտադրական կորպորացիաներ էներգակիրների թանկացման պատճառով դարձան անմրցունակ ու պարզապես փակվեցին։

Ինչ վերաբերում է շուկայի դիվերսիֆիկացմանը, ապա դրա համար նախ պետք է ներքին շուկան կարգի բերել և հայկական արտադրությունը համապատասխանեցնել այլ շուկաների չափորոշիչներին ու պահանջներին, պետական մակարդակով փնտրել ու գտնել հայկական արտադրանքի պահանջարկն ունեցող շուկաներ ու տնտեսվարողներին ուղղորդել այնտեղ, ոչ թե նրանց ասել՝ հրաժարվեք բեռնատարներ լցնելու ձեր կարծրացած մտածելակերպից և սովորեք վագոններ լցնել։

Ու մինչ քարոզարշավի շեմին իշխող կուսակցությունը շարունակում է մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ տնտեսական սահմանափակումների քաղաքական երանգն ավելի ու ավելի ընդգծելով, վարչապետի փոխարեն դրանց քաղաքական գործոնի մասին անուղղակիորեն բարձրաձայնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը, որի պարզաբանմամբ՝ մասնավորապես «Ջերմուկի» արտահանման արգելքը որևէ ձևով պայմանավորված չէ դրա որակի հետ։

MediaHub-ը ՍԱՏՄ-ից փորձեց ճշտել՝ եթե Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրում մարդու առողջության ու կյանքի համար վտանգավոր չարաշահումներ են հայտնաբերվել, ապա ինչո՞ւ այդ մասին չեն տեղեկացնում նաև հայ սպառողին, որպեսզի նա զերծ մնա վտանգավոր արտադրանքը ձեռք բերելուց և ի վերջո ինչո՞ւ այստեղ էլ չի արգելվում վտանգավոր հայտարարված հանքային ջրի վաճառքը։ ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը պարզաբանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ «Ջերմուկի» մայր գործարանից և իրացման ցանցերից նմուշառված հանքային ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել․

«Հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլորիդ իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոններով սահմանված նորմերին։ Այդ պատճառով ամենևին կարիք չկա «Ջերմուկի» այս կամ այն խմբաքանակի վաճառքն արգելել կամ հայ սպառողներին զգուշացնել, որ այն չօգտագործեն»,- MediaHub-ին ասաց ՍԱՏՄ մամուլի քարտուղարը։

Նա նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմինը մայիսի 28-ին ծանուցում է ստացել այն մասին, որ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի ներկրման նկատմամբ, ինչի կապակցությամբ տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները։

«Առաջիկայում ադյունքները կհրապարակվեն, կհասկանանք խնդիրը որտեղ է և ըստ այդմ կսկսենք կարգավորումներ իրականացնել»,- հավելեց Անուշ Հարությունյանը։

Ստացվում է, որ պետական կառույցը և երկրի վարչապետը հակասում են միմյանց՝ եթե վարչապետի պնդումներն են ճիշտ, ուրեմն ՍԱՏՄ-ի փորձաքննությունը ճիշտ չէ և պետք է վստահել ռուսական փորձաքննության արդյունքներին։ Այդ դեպքում մենք առնվազն մեր սննդի շուկայում որակի ու ֆիտոսանտիարական լուրջ խնդիրներ ունենք, որոնք, ըստ Փաշինյանի, ՍԱՏՄ-ն կոծկում է։ Եթե ՍԱՏՄ-ն է ճիշտ, ուրեմն նրան անուղղակի հավաստմամբ՝ Փաշինյանը իր սովորության համաձայն, խաբում ու մոլորեցնում է ժողովրդին՝ փորձելով թաքցնել առաջիկայում հայ ժողովրդին սպասվող ծանր կյանքի հեռանկարը։  

Թագուհի Ասլանյան

 

Send