Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Ադրբեջանից Հայաստան դեկտեմբերին բերված 1200 տոննա բենզինի արժեքը կազմել է 788,800 դոլար։ Այս տվյալների համաձայն՝ Հայաստան ներմուծված ադրբեջանական AI-95 բենզինի միջին գինը կազմել է 250 դրամ (մոտավորապես 0.65 ցենտ) մեկ լիտրի համար, բայց այն հայկական շուկայում վաճառվում է 440 դրամով։
Արդյո՞ք Հայաստանը կարող է հույսը դնել Ադրբեջանի վրա վառելիքի ներմուծման հարցում, արդյո՞ք ռիսկային չէ․ MediaHub-ը զրուցեց Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։
«Հայաստանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսեց բենզին ներմուծել Ադրբեջանից, բայց որքանո՞վ կարող է Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում հույսը դնել Ալիևի կառավարության վրա այս հարցում։ Այս քայլը կարող է լինել երկու երկրների թշնամանքի ուղուց աստիճանաբար տնտեսական համագործակցության անցնելու առաջին շոշափելի նշանը, եթե այն շարունակվի իրականացվել։ Հունվարին Ադրբեջանից Հայաստան է առաքվել մոտ 1200 տոննա բենզին։ Քաղաքագետների մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այս տնտեսական համագործակցությունը չի դառնա անվտանգության սպառնալիք»,- ասաց Մովահեդիանին։
Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Ադրբեջանից բենզին գնելը կարող է դիտվել որպես Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու միտումնավոր փորձ: Նիկոլ Փաշինյանի համար, ով ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ, այս ուղին ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ։
«Հայաստանի իշխող կուսակցությունը փորձում է թուլացնել Մոսկվայի ազդեցությունը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եթե Փաշինյանի թիմը հաղթի, հավանաբար, ավելի կհեռացնի Երևանը Ռուսաստանից և կմեծացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունները: Այս առումով, Բաքվի և Երևանի միջև վառելիքի համաձայնագիրը ոչ միայն տնտեսական գործարք է, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս, որը բավականին ռիսկեր են ստեղծում»,- շեշտեց Մովահեդիանին։

Русский